Հնարավորության պատուհան Ալիևի և Փաշինյանի համար

Հնարավորության պատուհան Ալիևի և Փաշինյանի համար

Այն բանից հետո, երբ պարզ դարձավ, որ Ուկրաինայում Ռուսաստանի հատուկ ռազմական գործողությունն արագ ավարտ չի ունենալու, Արցախում իրավիճակ փոխվեց։ Նախ, մարտի 7-ին ադրբեջանցիները Շուշիի հատվածում վնասել են Արցախ մտնող գազատարը, ապա մի քանի օր անց՝ մարտի 24-ին, մտել Փառուխ գյուղ և շարունակել իրենց ընթացքը դեպի Քարագլուխ բարձունք։ Ընդ որում, այդ ողջ ընթացքում ծայրահեղ սրվել էին Ադրբեջանի զինված ուժերի և Արցախում խաղաղապահ առաքելություն իրականացնող ռուսական զորախմբի հրամանատարության հարաբերությունները։ Մամուլում տեղեկություններ էին շրջանառվում այն մասին, որ ռուս խաղաղապահները մի շարք արգելքներ էին սահմանել ադրբեջանցի զինվորականների տեղաշարժի համար։ Բացի այդ, հիմա արդեն իմ տեղեկությունների համաձայն, գազատարը վնասելուց մի քանի օր առաջ նույն Փառուխի հատվածում լուրջ վիճաբանություն, անգամ փոխհրաձգություն է եղել ռուսների և ադրբեջանցիների միջև։ Ասում են՝ այդտեղ թշնամու երկու զինծառայող է զոհվել։ Եվ ահա որպեսզի ռուսներին ցույց տան, թե ով է իրավիճակի տերը Արցախում, Ալիևի վարչակազմն օգտվել է հարմար առիթից և մինչ Մոսկվայի ուշադրությունն ամբողջապես կենտրոնացած էր Ուկրաինայի վրա, նախաձեռնել մարտի 24-ի հայտնի հարձակումը ԼՂՀ Ասկերանի շրջանի ուղղությամբ։

Դրան հետևած զարգացումներն ամբողջապես և լիարժեք բացահայտեցին երկու կարևոր իրողություն։ Նախ, որ թուրք-ադրբեջանական դաշինքը տհաճ անակնկալներ ունի պատրաստած Ռուսաստանի համար մեր տարածաշրջանում և երկրորդ, Ռուսաստանը՝ համենայն դեպս մեկ այլ տարածաշրջանում առկա լրջագույն խնդիրների պարագայում, չի կարող առաջնորդվել իր կամքը պարտադրելու քաղաքականությամբ և փորձում է դրա փոխարեն որոշ հարցերի շուրջ պայմանավորվածություններ ձեռք բերել հակառակորդի հետ։ Կոնկրետ Փառուխի դեպքում ռուսական կողմը սկզբից փորձում էր չնկատել առկա խնդիրը, հետո ցույց տալ, իբրև միջադեպը հանգուցալուծվել է։ Մինչդեռ փաստն այն է, որ մինչ օրս ադրբեջանական զինված ուժերը շարունակում են գտնվել Քարագլխի հատվածում և դուրս չեն գալիս ռուս խաղաղապահների պատասխանատվության տակ գտնվող գոտուց։ Ընդ որում, պետք է նշել նաև, որ հարցը քողարկելու ռուսական կողմի փորձերը ձախողվեցին բացառապես հայ հանրության՝ խնդիրը հետևողականորեն բարձրաձայնելու շնորհիվ։ Արդյունքում Ռուսաստանի ՊՆ-ն ստիպված եղավ բաց քննադատություն ուղղել Ադրբեջանի հասցեին, բայց Բաքվից կոպիտ և շատ արհամարհական պատասխանի արժանացավ։ Եվ սա հաջորդ մտահոգիչ հանգամանքն է։

Ռուսական քաղաքական և փորձագիտական շրջանակները հասկանում են, որ վերջին շաբաթներին Ադրբեջանի գործողություններն Արցախում մի կողմից ուղղված են հայկական պետությունների, իսկ մյուս կողմից էլ հենց Ռուսաստանի դեմ։ Նրանք նույնիսկ բարձրաձայնում են այդ մասին, սակայն բոլոր գնահատականներում նաև նշում, որ այս պահին Մոսկվայի հիմնական խնդիրը Ուկրաինայում ընթացող ռազմական գործողություններն են։ Ակնարկվում է այն մասին, որ Ռուսաստանի համար այս փուլում կարևոր է Թուրքիայի չեզոքությունն Ուկրաինայում։ Եվ սա, իհարկե, ոչ այլ ինչ է, քան ռուսական վախերի քողազերծում։ Եվ դա այն դեպքում, երբ իրականում Թուրքիայի «չեզոքության» մասին խոսելու որևէ առիթ չկա։ Ճիշտ հակառակը՝ բոլոր այն տեղերում, որտեղ Անկարան կարող է խնդիրներ ստեղծել Մոսկվայի համար, Էրդողանը չի վարանում։ Արցախում տեղի ունեցող զարգացումները դրա վառ ապացույցն են։ Եվ ոչ միայն Արցախում։ Տարբերությունը միայն այն է, որ Թուրքիան Ռուսաստանի հետ մրցակցությունում սպասարկում է բացառապես իր և ոչ թե Արևմուտքի շահը։ Թերևս նաև դա է պատճառը, որ ռուսական կողմը մինչ օրս փորձում է որոշակի զիջումների միջոցով պահպանել Թուրքիայի հետ հարաբերությունների երկկողմանի ֆորմատը. չլինի հանկարծ, որ Թուրքիան էլ միանա Արևմուտքի միասնական ճամբարին և էլ ավելի մեծ խնդիրներ ստեղծի Ռուսաստանի համար թե՛ Ուկրաինայում, թե՛ Հարավային Կովկասում, թե՛ Մերձավոր Արևելքում, թե՛ Բալկաններում և թե՛ նույնիսկ Միջին Ասիայում։

Թուրքիայի հետ լեզու գտնելու Ռուսաստանի փորձերը, իհարկե, արդյունավետ չեն։ Մինչ այս պահը Մոսկվային հաջողվել է միայն մասամբ զսպել Էրդողանի ախորժակը։ Դա փոքր զիջումների միջոցով ժամանակ շահելու մարտավարություն է։ Իսկ այդ ժամանակը Ռուսաստանին անհրաժեշտ է բացառապես մեկ բանի համար՝ որպեսզի լուծի Ուկրաինայում առաջացած խնդիրները։ Անկարայում էլ են լավ հասկանում, որ ուկրաինական ճգնաժամի հանգուցալուծումից հետո Ռուսաստանի զիջողականության աստիճանն ու դրա պատրաստակամությունը զգալիորեն կնվազի։ Հետևաբար Անկարայում որոշել են, որ հիմա է հարմար պահը և փորձում են առավելագույնս օգտվել դրա ընձեռած հնարավորություններից։ Մեր տարածաշրջանում, օրինակ, դա Արցախի ու Ադրբեջանի հետ անխափան և որևէ մեկ այլ տերության կողմից չվերահսկվող ցամաքային կապ ունենալու խնդիրն է։ Եվ այն պահին, երբ Թուրքիան հասկացավ, որ Ուկրաինայում Ռուսաստանի ծրագրերը շեղվել են նախապես պլանավորված ընթացքից, Էրդողանի կառավարությունն Արցախի ուղղությամբ ակտիվացրեց ադրբեջանական գործոնը։

Իրավիճակի ողբերգությունը նրանում է, որ Հայաստանը, որը մեր տարածաշրջանում թուրք-ադրբեջանական ազդեցությունը զսպելու պատմական, քաղաքական և նույնիսկ քաղաքակրթական առաքելություն է մշտապես ունեցել, աշխարհաքաղաքական դրության վերափոխման այս ժամանակահատվածում, փաստորեն, հրաժարվել է իր կարևորագույն գործառույթից և Թուրքիայի ու Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրելու բանակցություններ սկսել։ Ընդ որում, պաշտոնական Երևանը դա անում է ոչ միայն ի վնաս նույն Ռուսաստանի, Իրանի, կամ թեկուզ Եվրոպական որոշ երկրների՝ հատկապես Ֆրանսիայի ու Գերմանիայի տարածաշրջանային շահերի, այլև ի հաշիվ մեր ժողովրդի կենսական ռեսուրսների։ Վերջին այս հանգամանքը ՀՀ օրվա իշխանություններին ուղղված բազում հարցեր է առաջացնում նաև երկրի ներսում, որտեղ կրկին սկսել են բարձրաձայնվել Փաշինյանի ու նրա թիմակիցների՝ դավաճան լինելու մասին կարծիքները։

Եվ իսկապես, այն պահին, երբ հայկական երկու պետություններն «ատամները սեղմած» պետք է սպասեին Ուկրաինայում Ռուսաստանի հատուկ ռազմական օպերացիայի ավարտին, հնարավոր և անհնար բոլոր միջոցներով խոչընդոտեին Արցախի հետ կապված թուրք-ադրբեջանական դաշինքի բոլոր ծրագրերը՝ Հայաստանի իշխանությունները հայտարարում են, որ Արցախը կարող է մնալ Ադրբեջանի կազմում, որտեղ արցախահայությունը, իբր թե, լավ հեռանկարներ ունի։ Համաձայնեք՝ ավելի մեծ նվեր Հայաստանի իշխանությունները երբեք չէին կարող մատուցել թուրք-ադրբեջանական դաշինքին։ Նույնքան էլ միանշանակ է, որ այս կեցվածքով պաշտոնական Երևանը խնդիրներ է առաջացնում նաև իր բնական դաշնակիցների՝ Ռուսաստանի, Իրանի, ինչպես նաև Չինաստանի համար։

Թե ինչու՞ է ՀՀ փաստացի ղեկավարը երկրի համար կենսական նշանակություն ունեցող այս կարևոր պահին սպասարկում թուրք-ադրբեջանական օրակարգը, հուսով եմ եմ, հետաքննությունը հետագայում կպարզի։ Հիմա կարող ենք միայն արձանագրել, որ թե՛ Էրդողանը, թե՛ Ալիևը մեծ տեմպ են հաղորդել Հայաստանի հետ հարաբերություններ հաստատելու գործընթացին և որ Նիկոլ Փաշինյանը ոչ մի վայրկյան ետ չի մնում թշնամու այդ տեմպից, ավելին՝ ինքն էլ իր հերթին արագացնում է բոլոր գործընթացները։ Ընդամենը մի քանի օրերի ընթացքում նա սկզբից ընդունեց Ադրբեջանի հինգ՝ այսպես կոչված առաջարկները (իրականում՝ վերջնագիրը), Ռուսաստանի միջնորդությամբ ընթացող բանակցային գործընթացում առաջնությունը հանձնեց Բրյուսելին, հայտարարեց Արցախը Ադրբեջանի կազմում թողնելու իր մտադրության մասին, նոր զարկ հաղորդեց Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելու բանակցություններին, հանդես եկավ մի շարք՝ Ռուսաստանի համար ոչ միանշանակ ընկալում ունեցող հայտարարություններով։ Թվարկածս իրողություններից յուրաքանչյուրն առանձին վերցրած բավարար կլիներ՝ ենթադրելու, որ Փաշինյանն ինքն էլ, ինչպես Ալիևը ու Էրդողանը, շտապում են օգտվել այսպես կոչված «հնարավորությունների պատուհանից» և քանի դեռ Ռուսաստանը զբաղված է Ուկրաինայով, վերջնական լուծում տալ արցախյան հիմնախնդրին։ Պրոադրբեջանական լուծում։ Բայց քանի որ մենք գործ ունենք ոչ թե մեկ կամ երկու, այլ այդ ուղղությամբ Երևանի կողմից իրականացվող հետևողական քայլերի հետ, ապա կարելի է վստահ պնդել, որ Փաշինյանը, Ալիևն ու Էրդողանը համատեղել են իրենց ջանքերը։

Ընդ որում, կարևոր է նշել նաև այն փաստը, որ ռուսական կողմը դեռևս փորձում է հայ-ադրբեջանական հարաբերությունների գործընթացը պահել 2020-ի նոյեմբերի 9-ի և 2021-ի հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունների տրամաբանության մեջ։ Մոսկվան չի խոսում խաղաղության պայմանագրի, առավել ևս՝ Արցախի կարգավիճակի մասին՝ նշելով, որ դժվար այդ հարցերը պետք է քննարկվեն ապագայում։ Փոխարենը Ռուսաստանը ցանկանում է կենտրոնանալ բացառապես սահմանագծման և սահմանազատման, ինչպես նաև ռեգիոնալ տնտեսական կապերի ապաշրջափակման խնդիրների վրա։ Թվում է՝ սա պետք է լավ հնարավորություն լիներ Հայաստանի համար՝ խուսափելու վրահաս աղետից։ Բայց ոչ՝ Փաշինյանը շարունակում է խոսել Արցախը թշնամուն հանձնելու ճանապարհով խաղաղության դարաշրջան բացելու իր՝ մեղմ ասած ուտոպիստական մտադրությունների մասին։

Ստեղծված իրավիճակը Հայաստանի ու Արցախի համար, իհարկե, որևէ լավ բան չի սուլում։ Ակնհայտ է, որ հայ հանրությունը դարձել է աշխարհաքաղաքական տարատեսակ զարգացումների գերի և որևէ կերպ չի կարող ազդել դրանց ընթացքի վրա։ Իսկ ամենավատն այն է, որ չի էլ ցանկանում ազդել։ Ժողովուրդն ապակողմնորոշված է, հիասթափված և կոտրված։ Էլիտաները՝ էլ ավելի վատ վիճակում։ Իսկ դա նշանակում է, որ Արցախը Ադրբեջանին հանձնելու այս գործընթացը կարող է կասեցվել միայն այն դեպքում, եթե տարածաշրջանում կրկին աշխարհաքաղաքական իրավիճակ փոխվի։ Ուկրաինայի արևելքում նախօրեին ռուսական զորքերի սկիզբ առած լայնամասշտաբ հարձակումը կարող է այդպիսի հույսեր ներշնչել։ Բայց որևէ մեկը դեռ չգիտի, թե ինչ ընթացք կունենա այդ հարձակումը և վերջնահաշվարկում ինչ արդյունքներով Ռուսաստանը դուրս կգա ուկրաինական ճգնաժամից։

Ինչ վերաբերվում է մեր ժողովրդին և մեր հանրությանը, ապա շատ կարևոր է, որ վերջապես Հայաստանից ժողովրդական հստակ դիրքորոշում հնչի։ Իհարկե, շատերը հիմա դրան չեն հավատում, բայց ես շարունակում եմ համոզված մնալ, որ հայ ժողովրդի ձայնը վճռորոշ է լինելու թե՛ Արցախի, թե՛ Հայաստանի և թե՛ ընդհանրապես ողջ տարածաշրջանի համար։

Հրանտ ՄԵԼԻՔ-ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում