Հայ մարդ, դու՛րս արի փողոց և պայքարի քո արժանապատվության համար. Վանեցյան

Հայ մարդ, դու՛րս արի փողոց և պայքարի քո արժանապատվության համար. Վանեցյան

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 20, Times․am: Հանրության արձագանքը շատ լավ է։ Հրապարակը մշտապես լի է մարդկանցով։ Գալիս են, խոսում են՝ իրենց աջակցությունն են հայտնում, իրենց մտահոգությունների մասին են ասում։ Այն նպատակը, որն ի սկզբանե դրել էինք մեր առջև, կատարում ենք, համարում եմ, որ սկիզբը շատ լավն է, ունենալու ենք շատ լավ արդյունք։ «Փաստինֆո»-ի փոխանցմամբ, այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Հայրենիք» կուսակցության նախագահ, ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը։

Դիտարկմանը, որ Վանեցյանն ավելի վաղ խոսում էր 100 հազար մարդու մասին, արդյոք այդ տրամադրությունները տեսնում է՝ Վանեցյանն ընդգծեց՝ տեսնում է, որ հնարավոր է հասնել այդ արդյունքին, մարդկանց զգալի մաս հասկացել է, թե ինչ է կատարվում մեր երկրում, ինչ սպառնալիքներ կան մեր երկրի համար։

«Համոզված եմ, որ մարդիկ անպայման գալու են»,- նշեց Վանեցյանը՝ հավելելով, որ շատ մարդիկ կան, որոնք գալիս և ասում են՝ պետք է գնդակահարել, վարչապետին անվստահություն հայտնելու գործընթաց սկսել։

Վանեցյանի խոսքով՝ ունեն հստակ պլան, անժամկետ ակցիան տալիս է իր պտուղները, մարդիկ միանում են պայքարին։ Նա ընդգծեց, որ ինքն այստեղ է՝ առանց կուսակցական դրոշների, առանց որևէ քաղաքական թիմերի, ինքը որևէ մեկից չի նեղացել, առանձին պայքար չի սկսել։

«Ես ասում եմ՝ հայ մարդ, դուրս արի փողոց և պայքարի քո արժանապատվության համար, քո անվտանգության, ինքնիշխանության համար, Արցախի համար»,- ընդգծեց Վանեցյանը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում