Ալիևը Հայաստանին սպառնում է նոր պատերազմով

Ալիևը Հայաստանին սպառնում է նոր պատերազմով

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 17, Times․am: Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորումը հիմնվում է 3 հիմնարար փաստաթղթերի վրա՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի, և այդ փաստաթղթերը կյանքի կոչելու երաշխավորը Ռուսաստանն է՝ ի դեմս ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի, քանի որ վերոնշյալ փաստաթղթերի տակ կա նաև նրա ստորագրությունը։ Սակայն այդ փաստաթղթերից և ոչ մեկում միջանցքի վերաբերյալ որևէ ձևակերպում չկա, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի նախագահի հայտարարությանը, որ եթե իրենց Զանգեզուրի միջանցքի թույլտվությունը չտրվի, ապա դժվար կլինի խոսել խաղաղության մասին։

««Միջանցք» նշանակում է որևէ պետության որևէ ստորաբաժանման ներկայացվածություն, այնպես, ինչպես հիմա Բերձորի կամ Լաչինի միջանցքում է. այնտեղ կա ՌԴ խաղաղապահ առաքելություն իրականացնող զորակազմի ներկայություն՝ համապատասխան կարգավիճակով։

Հիմա, կրկին խոսելով այսպես կոչված Զանգեզուրի միջանցքի մասին՝ Իլհամ Ալիևը հերթական անգամ բարձրաձայնում է իր ցանկության մասին։ Բնականաբար, նրա ցանկություններն ու հայտարարությունները որևիցե ձևով չեն կարող փոխել 3 հիմնարար փաստաթղթերի բովանդակությունը։ Նա դա հրաշալի գիտի։

Ինչո՞ւ է ուրեմն նա միջանցի մասին խոսում. ո՛չ ներսում, ո՛չ դրսում Ալիևը ինքնահաստատվելու խնդիր չունի։ Ասում է միայն մեկ բանի համար՝ դա հոգեբանական ճնշման միջոց է Հայաստանի վարչապետի պարտականությունները կատարող անձի նկատմամբ», – ասաց Հայկ Նահապետյանը։

Ռազմական փորձագետը հիշեցրեց, որ Ադրբեջանի նախագահը երեկ խոսել է նաև տարածքային ամբողջականության ճանաչման մասին՝ հիշեցնելով, որ եթե Հայաստանը շարունակի կասկածի տակ դնել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, Ադրբեջանն իր հերթին կասկածի տակ կդնի ՀՀ տարածքային ամբողջականությունը։

«Իսկ դա նշանակում է, որ Ալիևը Հայաստանին սպառնում է նոր պատերազմով», – ասաց ռազմական փորձագետը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում