Սիրիայի ընդդիմադիր կոալիցիան մերժել է կառավարության առաջարկը

Սիրիայի կառավարական պատվիրակությունը հունվարի 30-ին, Ժնևում տեղի ունեցած բանակցությունների ժամանակ առաջարկ է ներկայացրել ահաբեկչության դեմ պայքարի վերաբերյալ: Պատվիրակության անդամները հաստատել են, որ անհրաժեշտ է համագործակցել միջազգային հանրության հետ ահաբեկչության դեմ պայքարում: Նրանք հենվել են ՄԱԿ-ի համապատասխան բանաձևի վրա: Սիրիայի ընդդիմադիր կոալիցիան, սակայն, մերժել է առաջարկը:

Համաձայն ներկայացված նախագծի՝ անհրաժեշտ էր դադարեցնել ահաբեկիչներին աջակցելու, զինելու և ֆինանսավորելու գործընթացը: Ահաբեկչական խմբավորումների դեմ պայքարելու համար անհրաժեշտ է բոլորի աջակցությունը, որի նպատակն է Սիրիայի բոլոր շրջաններում հաստատել անվտանգություն, խաղաղություն, կայունություն և հանգստություն: Համաձայն ներկայացված փաստաթղթի՝ մերժվում է ցանկացած ուղղակի կամ անուղղակի միջամտություն Սիրիայի ներքին գործերին:

Սիրիան նաև կոչ է արել բոլոր հարևան երկրներին հսկել սահմանները՝ կանխելով ահաբեկիչների մուտքը Սիրիայի տարածք, ապա նաև կոչ է արել փոխանակվել անվտանգության ոլորտի տեղեկատվությամբ՝ կապված ահաբեկիչների գործողությունների, նրանց ցանցերի, պաթուցիկ նյութերի և զենքերի հետ:

Ժնևում հունվարի 30-ին, ՄԱԿ-ի և ԱԵԼ-ի հատուկ բանագնաց Լախդար Իբրահիմիի միջնորդությամբ, ավարտվել են բանակցությունները Սիրիայի կառավարական և ընդդիմադիր կոալիցիայի պատվիրակությունների միջև:

Հետևեք մեզ նաև Telegram-ում