Գաղտնի ձայնագրությունների հրապարակումը բացահայտեց Սիրիայի հետ կապված Թուրքիայի երկդիմի քաղաքականությունը

Թուրքիայի ԱԳՆ-ի շենքում իրականացված այդ երկրի բարձրաստիճան պաշտոնյաների խորհրդակցության գաղտնի ձայնագրության հրապարակումը ոչ միայն հանգեցրեց նոր ներքաղաքական լարվածության Անկարայում, այլ նաև փաստացիորեն բացահայտեց թուրքական ներկա վարչախմբի երկդիմի քաղաքականությունը կապված Սիրիայի հետ:

Սիրիայի ներսում գտնվող, սակայն, ըստ 1921թ. Անկարայի պայմանագրի, թուրքական դրոշ և պատվո պահակախումբ ունեցող Օսմանյան արքայատոհմի նախնի Շահ Սուլեյմանի դամբարանի խնդրի լուծման հարցում, ըստ ձայնագրության, Թուրքիայի արտգործնախարար Ա. Դավութօղլուն նշում է, որ իր երկիրը ձեռնարկել է կամ ավելի ճիշտ սպառել է դիվանագիտական հնարավոր բոլոր միջոցները, իսկ Ազգային հետախուզական կազմակերպության տնօրեն Հ. Ֆիդանը, դրան ի պատասխան, ուղղակիորեն առաջարկում «իր մարդկանց ուղարկել Սիրիա՝ դամբարանի տարածքում պայթյուններ կազմակերպելու» նպատակով, ինչն էլ պատրվակ կհանդիսանա հետագա թուրքական ներխուժման:

Ուշագրավն այն է, որ գաղտնի ձայնագրության հանրայնացումից ընդամենը մեկ օր առաջ նույն ԱԳՆ-ի շենքից Քեսաբի դեպքերի կապակցությամբ տարածվել էր պաշտոնական հայտարարություն, որտեղ հերքվում էր Թուրքիայի ներգրավվածությունը սիրիական հակամարտության մեջ և փորձ կատարվում այդ երկիրը ներկայացնել որպես Սիրիայի և հենց Քեսաբի դեպքերի պարագայում «մարդասիրական պատասխանատվություն» ստանձնած կողմ միայն:

Ձայնագրության միջոցով հրապարակային դարձած թուրքական գաղտնի ծրագրերի համատեքստում որևէ կասկած չի մնում, որ իբր բացառապես «մարդասիրական առաքելությամբ» հանդես եկող պաշտոնական Անկարայի ցանկացած՝ նույնիսկ ԱԳՆ-ի մակարդակով կատարված, հայտարարություն այլևս չպետք է լուրջ ընդունվի ո՛չ հարևան երկրներում և ո՛չ էլ ընդհանրապես միջազգային հանրության կողմից, քանի որ վարչապետ Ռ. Թ. էրդողանի կառավարությունն իրականում վարում է մի քաղաքականություն, որը բացառապես հիմնված է երեսպաշտության, սադրանքի և քաղաքական ագրեսիվ արկածախնդրության վրա:

Վարդան ՈՍԿԱՆՅԱն

 Facebook սոցիալական ցանց

Հետևեք մեզ նաև Telegram-ում