Հրթիռներ՝ Էր Ռիադի վրա. Պակիստանը զորք է ուղարկում Սաուդյան Արաբիա

Հրթիռներ՝ Էր Ռիադի վրա. Պակիստանը զորք է ուղարկում Սաուդյան Արաբիա

Կիրակի գիշերը Սաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիան հայտնել է մի քանի հրթիռի որսման մասին։ Միևնույն ժամանակ Իրանի աջակցությունը վայելող եմենցի հութիները պնդում են, որ հինգ հաջող հարված են հասցրել Էր Ռիադի օդանավակայանին, ինչպես նաև թագավորության ռազմական ու էներգետիկ օբյեկտներին։ Հրթիռակոծությունները համընկել են Սաուդյան Արաբիայի պաշտպանությունն ամրապնդելու համար զորք ուղարկելու մասին Պակիստանի հայտարարության հետ։ Իսլամաբադը այդ որոշումը բացատրել է «թագավորության ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը պաշտպանելու անսասան վճռականությամբ»։

Հակաօդային պաշտպանության համակարգերի աշխատանքից հետո Սաուդյան Արաբիայի իշխանությունները մի քանի շրջանի բնակիչների արտակարգ SMS ծանուցումներ են ուղարկել՝ կոչ անելով անցնել ապաստարաններ։ Կոալիցիայի հրամանատարության տվյալներով՝ խոցված հրթիռների բեկորներն ընկել են երկրի հարավում, խաղաղ բնակիչների շրջանում տուժածներ չկան։

Հութիների ներկայացուցիչները հայտնել են տրանսպորտային, պաշտպանական և էներգետիկ ոլորտների մի շարք թիրախների խոցման մասին։ Դրանց թվում են Էր Ռիադի Քինգ Խալիդի անվան միջազգային օդանավակայանը, Աբհայի և Խամիս Մուշայթի ռադիոլոկացիոն կայանները, Ջիզանում Saudi Aramco-ի նավթավերամշակման գործարանը, «Էլ Հավիա» խոշոր գազավերամշակման համալիրը, ինչպես նաև «Էշ Շուքայք» և Ջիզանի էլեկտրակայանները։ Վնասի ծավալների անկախ հաստատում առայժմ չկա, սակայն սոցցանցերում տեղաբնակների հրապարակած տեսանյութերում մի շարք էներգետիկ օբյեկտների շրջակայքում ծուխ ու հրդեհներ են երևում։

Ավելի վաղ՝ հինգշաբթի՝ նոյեմբերի 26-ին, հարված էր հասցվել Ջիզանում Saudi Aramco-ի նավթավերամշակման գործարանին։ Այն ժամանակ զոհվել էր Նեպալի քաղաքացի հանդիսացող աշխատակից, մի քանի մարդ վիրավորվել էր, իսկ ձեռնարկության աշխատանքը մասնակիորեն դադարեցվել էր։ Շաբաթ օրը ՀՕՊ ուժերը որսացել էին «Էշ Շուքայք» էլեկտրակայանի ուղղությամբ թռչող բալիստիկ հրթիռը։

Ի պատասխան՝ արաբական կոալիցիան հայտարարել է ռազմական գործողության մասին՝ ուղղված այն օբյեկտներին, որոնք հութիներն օգտագործում են թագավորությանը հարվածելու և Կարմիր ծովում ու Բաբ էլ Մանդեբի նեղուցում նավերի վրա հարձակվելու համար։ Կոալիցիայի ներկայացուցիչը շեշտել է, որ ցանկացած նոր հարված անհապաղ պատասխան կստանա միջազգային մարդասիրական իրավունքի շրջանակում։

Պատերազմի ուսումնասիրության ամերիկյան ինստիտուտի (ISW) և Critical Threats նախագծի վերլուծաբանները նշում են, որ հութիները փորձում են ստիպել Էր Ռիադին դադարեցնել գործողությունները Եմենում։ Սաուդյան Արաբիան էլ իր հերթին հարվածում է ապստամբների հրամանատարական կետերին՝ պատրաստվելով նրանց նոր հարձակումներին։

Պակիստանը զորակազմ է ուղարկում Սաուդյան Արաբիա՝ համատեղ պաշտպանության մասին Մեքքայի համաձայնագրի շրջանակում։ Պակիստանի բանակում ընդգծել են, որ այդ առաքելությունը հաստատում է թագավորության և իսլամական երկու գլխավոր սրբավայրերի՝ Մեքքայի ու Մեդինայի պաշտպանության հանձնառությունը։ Շաբաթ օրը Պակիստանում կայացել է զինվորականների ճանապարհման արարողությունը։ Զորակազմի թվաքանակը, հստակ խնդիրներն ու տեղակայման ժամկետները Իսլամաբադը չի բացահայտում. հայտնի է միայն, որ ստորաբաժանումները գործելու են Սաուդյան Արաբիայի տարածքում՝ գործող պայմանավորվածությունների շրջանակում։

Որոշումն ընդունվել է նոյեմբերի 26–27-ին Իսլամաբադում կայացած Պակիստանի, Սաուդյան Արաբիայի և Թուրքիայի բանակցություններից հետո։ Հանդիպման մասնակիցները դատապարտել են հութիների հարձակումները և հաստատել կոլեկտիվ պաշտպանության պատրաստակամությունը։

Մեքքայի համաձայնագիրը երեք երկիրը ստորագրել է օգոստոսի 7-ին։ Փաստաթուղթը նախատեսում է, որ զինված հարձակումը պետություններից մեկի վրա գնահատվում է որպես ագրեսիա պակտի բոլոր մասնակիցների դեմ։ Ընդ որում՝ Իսլամաբադում ընդգծում են դաշինքի պաշտպանական բնույթը և զուգահեռաբար օգնում Կատարին՝ ԱՄՆ-ի ու Իրանի միջև խաղաղ բանակցություններ կազմակերպելու հարցում։

Մեկ ամիս առաջ Սաուդյան Արաբիային ռազմական օգնության մասին հայտարարել էր նաև Եգիպտոսը։ Տեղեկացված տարածաշրջանային պաշտոնյայի խոսքով՝ Կահիրեն թագավորությունում կտեղակայի հակաօդային պաշտպանության համակարգեր և ավիացիա՝ հրթիռներ ու անօդաչու թռչող սարքեր որսալու համար, սակայն ցամաքային զորքեր Եմեն չի ուղարկի։

Շաբաթ երեկոյան հութիների Գերագույն քաղաքական խորհրդի անդամ Մոհամմեդ Ալի ալ Հութին խիստ քննադատել է Անկարային և Իսլամաբադին՝ Էր Ռիադի հետ դաշինքի համար։ Նա նրանց մեղադրել է Եմենի նկատմամբ «սաուդյան ագրեսիան և շրջափակումն» անտեսելու մեջ՝ հավելելով, որ ցանկացած նոր կոալիցիա ձախողվելու է՝ ինչպես նախորդը։

Սաուդյան Արաբիան, որը Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ի առանցքային դաշնակիցն է, աճող ճնշման է ենթարկվում փետրվարից, երբ բռնկվեց Իրանի մասնակցությամբ պատերազմը։ Հրթիռների և անօդաչու թռչող սարքերի կանոնավոր հարձակումներից պաշտպանվելու համար Էր Ռիադը ակտիվորեն ներգրավում է տարածաշրջանային գործընկերների, այդ թվում՝ Թուրքիային, Պակիստանին, Եգիպտոսին և Սիրիային։

Ավելի քան տասը տարի թագավորությունը դիմակայում է հութիներին Եմենի քաղաքացիական պատերազմում՝ աջակցելով երկրի հարավում միջազգայնորեն ճանաչված կառավարությանը։ Միևնույն ժամանակ ապստամբները պահում են խիտ բնակեցված շրջանները, այդ թվում՝ մայրաքաղաք Սանան։

Անցած ամռանը Եմենում մարտերը սրվել են։ Հութիներն ուժեղացրել են հարվածները Սաուդյան Արաբիայի տարածքին և շրջափակել թագավորության նավագնացությունը, ինչը փորձագետները կապում են ԱՄՆ-ի և Իրանի ընդհանուր դիմակայության հետ։ Վերջին ամիսներին ապստամբները իրականացրել են երկար տարիների ընթացքում ամենախոշոր հարձակումը և գրավել Կարմիր ծովի եմենյան ափը։ Սաուդյան կարևոր նավթամուղի կանգառի հետ միասին դա նրանց հնարավորություն է տվել սպառնալ նավթի արտահանմանը՝ հրահրելով վառելիքի համաշխարհային գների աճ և ուժեղացնելով Թեհրանի բանակցային դիրքերը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում