«Հուշարձանի անձնագրում պետք է գրված լինի՝ խնջույք-միջոցառումներն արգելվում են». Սաշուր Քալաշյան

«Հուշարձանի անձնագրում պետք է  գրված լինի՝ խնջույք-միջոցառումներն արգելվում են». Սաշուր Քալաշյան

Ճարտարապետ Սաշուր Քալաշյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը ցավով արձանագրեց, որ ՀՀ-ում ամենախոցելին մշակույթի ոլորտն է. ամեն անգամ ականատես ենք լինում որևէ հուշարձանի կորստի կամ դրա հանդեպ անհարգալից վերաբերմունքի: Իսկ խոսում ենք, երբ հուշարձանն ամբողջությամբ կամ գրեթե կորցրած ենք լինում: Ըստ նրա՝ նման խնդիրներ հանդիպում են բոլոր երկրներում, բայց  ի տարբերություն  Հայաստանի  այնտեղ նախքան որևէ որոշում կայացնելը, մասնագետների հետ քննարկման են նստում և հաշվի առնում  հասարակական կարծիքը:

«Մեր երկրում նման հարցերը մեկ օրում կամ մեկ ժամում են որոշվում՝ առանց հաշվի առնելու մասնագետների կարծիքները»,-շեշտեց Ճարտարապետը:

Այս համատեքստում Սաշուր Քալաշյանն անդրադարձավ  հուշարձանային գոտիների օգտագործման խնդրին: Նա արձանագրեց  նկարագրության կամ օգտագործման կարգի բացակայությունը՝ ինչ միջոցառումներ կարելի է  իրականացնել և ինչ չի կարելի:

«Յուրաքանչյուր հուշարձան պետք է ունենա իր օգտագործման կարգը: Եթե Զվարթնոցի պարագայում նշված լիներ, թե ինչ բնույթի միջոցառումներ են կարելի և ինչը ոչ, այսպիսի միջադեպի ականատես չէինք լինի: Հուշարձանի անձնագրում պետք է գրված լինի, որ  խնջույք-միջոցառումներն արգելվում են, իսկ խախտման դեպքում հսկողը տեղական ինքնակառավարման մարմինն է: Եթե ես տուրիստ եմ, եկել եմ և ուզում եմ հուշարձանը տեսնել, դա  որևէ  կապ չպետք է ունենա  տարածքում իրականացվող միջոցառման հետ, այն ինձ  չպետք է  խանգարի  հուշարձանը տեսնելու: Օրենքը դա պետք է կարգավորի, միջոցառումը, գուցե, հարող տարածքում արվի, բայց ոչ բուն հուշարձանի տարածքում:

Ինչ վերաբերում է Աֆրիկյանների շենքի մոտ տեղի ունեցող ապօրինություններին, եթե Մշակույթի նախարարությունը ձայն է բարձրացնում, ուրեմն քանդման հրահանգ  չկա և այդ գործողություններն ապօրինի են: Անընդունելի է ինձ համար նաև հուշարձանի տեղափոխման գաղափարը, որովհետև օրենքում նշված է, որ հուշարձանը կարելի է տեղափոխել միայն բացառիկ դեպքերոմ: Այս պարագայում  բացառիկ դեպքի հետ, ինչպիսին ասենք՝ երկրաշարժն է, գործ չունենք»,-ասաց Սաշուր Քալաշյանը:

Հանդիպմանը ներկա գրականագետ Դավիթ Գասպարյանն այստեղ հիշեցրեց, որ  մտավորականի ձեռքին գործիք չկա, որ պայքարի: Ըստ նրա՝ պետական մարմինները պիտի պայքարեն բարբարոսության դեմ և բռնեն ավիրող ձեռքը:

Անդրադառնալով Գառնիի և Զվարթնոցի տաճարների տարածքում կատարվածին, գրականագետը համաձայնեց ճարտարապետի հետ՝ և Գառնիի, և Զվարթնոցի մոտ փոքրիկ ավաններ կան, որտեղ վաճառողներ են կանգնում, այսինքն՝ այդ տարածքներում կարող են լինել փոքրիկ տաղավարներ, որտեղ մարդիկ կհանգստանան, կսրճեն, բայց ոչ հուշահամալիրների տարածքում:

«Այ, մարդ, էս ինչ է կատարվում մեր քաղաքում՝ Սևան հյուրանոցը  քանդեցին, Երիտասարդական պալատը քանդեցին: Հին Երևանի բոլոր շենքերը ոչնչացվում են: Մենք պետք է պահենք ու պահպանենք հինը, դրանք Երևանի կոլորիտն են, պատմությունը: Պախարակելի է, երբ ազգային արժեքներն ու հուշարձանները պղծվում են, նրանց տարածքում իրականացվում են ոչ հարիր միջոցառումներ:Նույնն է, որ Փարիզի Աստվածամոր տաճարը փակեն և իրականացնեն նմանատիպ միջոցառում: Մեր հուշարձանները պետք է վերահսկվեն պետական մակարդակով»,-եզրափակեց Դավիթ Գասպարյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում