Տորոնտոյի հայ բարերարը Արցախի Շոշ համայնքին դպրոցական ավտոբուս է նվիրել
Նմանատիպ
Արցախի Ասկերանի շրջանի Շոշ համայնքի դպրոցը Տորոնտոյաբնակ անանուն բարերարի կողմից, որպես ամանօրյա նվեր, ստացել է դպրոցական նոր միկրոավտոբուս: Այս մասին հայտնում են «Հայաստան» համահայկական հիմնադրամի հասարակայնության հետ կապերի բաժնից:
«Դժվար է պատկերացնել, թե հարևան գյուղերի շուրջ երկու տասնյակ մանկահասակ երեխաներն ինչպես են ավելի քան 2.5կմ ճանապարհ անցնում դպրոց հասնելու համար: Ուրախ ենք, որ նրանք այլեւս ստիպված չեն լինի ամեն օր այս դժվարությունը հաղթահարել եւ իրենց ժամանակն առավել արդյունավետ կօգտագործեն», – ասել է Հիմնադրամի Տորոնտոյի տեղական մարմնի ատենապետ Մկրտիչ Մկրտիչյանը:
«Տորոնտոյահայ համայնքի համար չկան մեծ կամ փոքր խնդիրներ: Նրանք կարևորում են ցանկացած օգնությունը հայրենիքին, և մասնավորապես, մեր հայ մանուկներին»,- նշել է Հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանը:
«Մանկավարժական ողջ կոլեկտիվի անունից իմ երախտագիտությունն եմ հայտնում մեր դպրոցին սատարող բոլոր բարերարներին եւ Հիմնադրամի Տորոնտոյի տեղական մարմնի ատենապետ Մկրտիչ Մկրտիչյանին: Իսկ աշակերտներն էլ իրենց շնորհակալությունը հայտնում են ուսման բարձր առաջադիմությամբ»,- իր գոհունակությունն է հայտնել դպրոցի տնօրեն Համլետ Հարությունյանը:
Հիշեցնենք, որ գյուղի եռահարկ դպրոցը կառուցվել է 2004թ. «Հայաստան» համահայկական հիմնադրամի Տորոնտոյի հայ համայնքի միջոցներով: Առաջիկա մի քանի շաբաթների ընթացքում համակարգչային դասասենյակը կունենա նաև ինտերնետ կապ: Իսկ մեկ այլ անանուն բարերարի հովանավորությամբ և Տորոնտոյի տեղական մարմնի ջանքերով գարնան սկզբին Շոշի սաները դպրոց կհաճախեն գեղեցիկ դպրոցական համազգեստներով:
Հետևեք մեզ նաև Telegram-ում