Տնտեսագետ. Առաջիկայում լուրջ նախադրյալներ են ստեղծվել կայուն տնտեսական աճ ապահովելու համար
Նմանատիպ
«Վերջին երեք տարիների ընթացքում կառավարության վարած տնտեսական քաղաքանությունը հիմք է տալիս ենթադրելու, որ առաջիկայում լուրջ նախադրյալներ են ստեղծվել կայուն տնտեսական աճ ապահովելու համար»: Այսօր «Արմատ» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ իրավիճակն այսպես է գնահատել տնտեսական գիտությունների թեկնածու Կառլեն Խաչատրյանը:
Առանձնացնելով հարկային, սոցիալական և հանքարդյունաբերության ոլորտում կառավարության կատարած բարեփոխումները՝ բանախոսը կարծիք է արտահայտել, որ հենց դրանք Հայաստանի տնտեսությունը ավելի մրցունակ ու կայուն դարձրեցին:
Կ.Խաչատրյանը նաև նշել է, որ Համաշխարհային բանկի ֆինանսական ծրագրով արտոնյալ պայմաններով Հայաստանին տրամադրված 80 մլն ԱՄՆ դոլարի վարկի նպատակն է աջակցել ՀՀ կառավարության քաղաքականությանը, որն իրենից ենթադրում է երկրում աղքատության մակարդակի նվազում, սոցիալապես խոցելի խմբերի կենսամակարդակի բարձրացում, երկրում տնտեսական մրցունակության բարձրացում, ինչպես նաև առավել բարենպաստ բիզնես միջավայրի ստեղծում:
«Սա «Զարգացման քաղաքականության գործառնություններ» ՀԲ-ի ծրագրի շարունակությունն է: Սրանով ՀԲ-ն ևս մեկ անգամ իր պատրաստակամությունն է արտահայտում՝ աջակցելու մեր երկրի կառավարությանը, որպեսզի մենք հասնենք մեր առջև դրված նպատակներին»,- ասել է տնտեսագետ:
Ըստ Կ.Խաչատրյանի՝ 2009 թվականին ՀԲ-ի կողմից Հայաստանին տրվել էր 60 մլն դոլար՝ պետբյուջեի պակասուրդը ծածկելու համար: «Տնտեսական ճգնաժամի հետևանքով կառավարությունը ստիպված գնաց ծախսերը չկրճատելու քաղաքականության: Ավելին` ծախսերն ընդլայնվեցին այն պարագայում, երբ եկամուտները պետբյուջեի նվազում էին»:
Իսկ 2010-ին տրվել է 25 մլն դոլար՝ աղքատության կրճատման որոշակի քաղաքականություն իրականացնելու նպատակով. «Գաղտնիք չէ, որ ճգնաժամի հետևանքով աղքատության ցուցանիշը մեր երկրում էապես աճել է: Եթե մինչև ճգնաժամը երկրի վարած տնտեսական քաղաքականության հետևանքով կարողացել էինք հասնել մոտ 25 %-ի, ապա մեկ տարվա ընթացքում այդ ցուցանիշը հասավ 34%-ի: Այսինքն ` եթե նախկինում 4-ից մեկն էր աղքատ, ապա ներկայումս` 3-ից 1-ը»,- նշել է Կ.Խաչատրյանը:
Մինչդեռ տնտեսագետը վստահ է, որ եթե կառավարության քաղաքականությունը չլիներ, ապա այդ տոկոսը շատ ավելի մեծ կլիներ: «Նույն ՀԲ-ի փորձագետների գնահատականներով, եթե համապատասխան քաղաքականություն չիրականացվեր, աղքատությունը Հայաստանում կլիներ ավելի քան 50 տոկոս: 80 մլն դոլարը տրամադրելով ՀԲ-ն ևս մեկ անգամ փաստում է, որ նախկին տրված գումարներն, ըստ էության, իրենց նպատակին ծառայել են»,- ընդգծել է բանախոսը:
Անդրադառնալով այն հարցին, թե ինչքանով է Հայաստանը պատրաստ ֆինանսական ճգնաժամի հնարավոր երկրորդ ալիքին՝ տնտեսագետը նշել է, որ այժմ մենք շատ ավելի պատրաստ ենք, քան 2008-ին էինք:
«Այս պահին քիչ հավանական եմ համարում համաշխարհային ճգնաժամի երկրորդ ալիքի ի հայտ գալը: Սակայն այն չի բացառվում, եթե Եվրոպայում տեղի ունեցող տնտեսական երևույթները բացասական հետևանքների հանգեցնեն, ու ԵՄ-ն իր բոլոր ռեսուրսներով չկարողանա որոշ երկրներում վիճակը կայունացնել: Իսկ այսօր թե՛ մեր դիտարկումներով, թե՛ միջազգային հեղինակավոր կազմակերպությունների դիտարկմամբ, բավական քիչ է հավանականությունը ֆինանսատնտեսական երկրորդ ճգնաժամի»,- նկատել է Կ.Խաչատրյանը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում