Մեր մարմնամարզիկներն այսօր Մոսկվայից կվերադառնան Երևան
Նմանատիպ
Հայաստանի սպորտային մարմնամարզության հավաքականը Մոսկվայից այսօր երեկոյան կվերադառնա Երևան: Մինչ նրա վերադարձը գլխավոր մարզիչ, Եվրոպայի անհատական առաջնության մրցավար Հակոբ Սերոբյանը ասաց, որ մեր բոլոր հինգ տղաները արդարացրին սպասելիքները, կարողացան լիովին դրսևորել իրենց ունակությունները’ արժանանալով եվրոպական երկրների մասնագետների գովասանքին: Այնուամենայնիվ թիմը տուն է վերադառնում մեկ մեդալով, որը նվաճեց Արթուր Դավթյանը:
Երևանցի 20 –ամյա մարզիկը իսկական մարտիկ է, օժտված’ բարոյակամային բարձր որակներով ու այս մասին նա ապացուցեց բազմամարտի մրցումներում’ գրավելով պատվավոր ութերորդ տեղը: Արթուրն այնուհետև փայլեց հենացատկերում, վաստակեց 14,866 միավոր, ճանաչվեց երրորդը ու արժանացավ բրոնզե մեդալի: Պետք է ասել, որ նրա մեդալը արծաթե փայլ կունենար, եթե չսխալվեին մրցավարները, որոնք ուշացումով ներողություն խնդրեցին իրենց թույլ տված վրիպումի համար: Հպարտությամբ կարելի է ասել, որ Արթուրի կատարած երկրորդ’ 2 , 5 պտույտով / 900 աստիճան / ցատկը բարդագույններից է և աշխարհում սակավաթիվ մարզիկներ են կատարում այդօրինակ տարրը: Արթուրի նվաճումը ճիշտ ընկալելու համար ասենք, որ մոսկովյան ստուգատեսում առաջին և երկրորդ տեղերը գրավեցին Լոնդոնի օլիմպիական խաղերի երկրորդ և երրորդ մրցանակակիրներ, ռուսաստանցի Դենիս Աբլյազինը և ռումինացի Ֆլավիուս Կոշչին: Վերջինից, նույնիսկ սխալ մրցավարության պարագայում, Արթուրը հետ մնաց ընդամենը 0,021 միավորով:
Ա. Դավթյանի հաջողությունը ավելի մեծ կլիներ, եթե մեզանում ունենայինք հենացատկի վերջին արտադրության կամրջակ: Բայց մեր ունեցածը հնաոճ է, որի հետևանքով մերոնք չեն կարողանում կարճ ժամանակում հարմարվել նոր, մրցումային գործիքին:
Մենք սպասելիքներ ունեինք նաև եվրոպականի համարում ունեցող մարզագույքից ‘ նժույգից : Գնահատվում է այն հանգամանքը, որ նժույգթափերում աշխարհի ուժեղագույն վեցյակը ավանդաբար համալրվում է հին աշխարհամասի մարզիկներով: Մյուս կողմից էլ հույս ներշնչեց Եվրոպայի կրկնակի բրոնզե մեդալակիր Հարություն Մերդինյանի սահմանած անձնական ռեկորդը’ 15 , 366 միավոր: Բայց նժույգթափերում մրցակցությունն այնքան է մեծացել, կատարվող տարրերն այնքան են բարդացել, որ նույնիսկ ռեկորդային ցուցանիշը Հարությունին կարողացավ հասցնել մինչև հինգերորդ հորիզոնականը: Եվ սակայն Հայաստանի հավաքականի մարզիչները Հարությունից գոհ են և եթե նա մեդալի չարժանացավ, ապա այս գործում մեղքի իրենց բաժինն ունեն նաև մեր մասնագետները, որոնք հենց Մոսկվայում որոշեցին անպայման բարդացնել երևանցու ծրագիրը: Իսկ մրցանակային եռյակում տեղ գտան Լոնդոնի օլիմպիական խաղերի և աշխարհի առաջնության մեդալակիրները:
Հակոբ Սերոբյանը խոստովանեց նաև, որ ամեն մրցումներից հետո, տուն վերադառնալով, ամոթով են նայում Ալբերտ Ազարյանին , քանզի առայժմ չեն կարողանում իրականացնել իրենց հիմնական նպատակներից մեկը’ մեդալակիր ունենալ նաև օղակների վրա վարժությունում, որը աշխարհում հայկական մրցաձևի համարում է ստացել հենց օղակների արքա Ալբերտ Ազարյանի շնորհիվ:
Հուսանք, որ հավաքականի մարզչական խորհրդի անդամները , մարմնամարզության ջատագով մեր բոլոր մասնագետները , նպատակները կիրականացնեն հոկտեմբերի սկզբներին , երբ Բելգիայի Անտվերպեն քաղաքում կանցկացվի աշխարհի առաջնությունը :
Տեղեկացնում է ՀԱՕԿ -ի լրատվության բաժինը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում