Ջեսիկա Լոնգ` երբեք չհանձնվելու օրինակը…
Նմանատիպ
Ռուսական ծագմամբ ամերիկուհի լողորդուհի Ջեսիկա Լոնգը (Տատյանա Օլեգովնա Կիրիլովա) ծնվել է 1992-ի փետրվարի 29-ին’ Իրկուտսկում: Նրա 18-ամյա մայրը (իսկ հայրը եղել է 17 տարեկան) փոքրիկին ծնվելուց հետո մանկատուն է հանձնել: Տատյանան Իրկուտսկի մանկատան առաջին երեխաներից է եղել, ում որդեգրել են ամերիկացիներ Սթիվեն և Էլիզաբեթ Լոնգը: Այդ ժամանակ փոքրիկը 13 ամսական է եղել:
18 ամսականում ստորին վերջույթների անոմալիայի պատճառով անդամահատել են Ջեսիկայի երկու ոտքերը: Այդ ժամանակից ի վեր` նա սովորել է պրոտեզներով քայլել: Սկզբում Լոնգը տարբեր սպորտաձևերով է զբաղվել: Մինչև 2002 թվականին թիմային մարզումները սկսելը, նա լողալ էր սովորել իր տատիկների ու պապիկների հետ:
Լոնգը իր մասին խոսելիս ասում է, որ նա կենդանի օրինակն է այն բանի, որ կյանքում երբևէ չպետք է հանձնվել: Նա ասում է, որ իր ճակատագրին, անկասկած, ինչ որ մի օր նաև հաջողությունն է խառնվել: Լոնգը շնորհակալ է իր ծնողներին և կցանկանար մի օր վերադառնալ մանկատուն, տեսնել իր կենսաբանական մորը.
-Կցանկանայի հարցնել նրան, թե ինչու ինձանից հրաժարվեց: Ինչու՞…
2004-ի Պարալիմպիկ խաղերը Ջեսիկայի համար առաջին միջազգային մրցաշարն էր: Նա այդ ժամանակ 12 տարեկան էր ու 3 ոսկե մեդալ նվաճեց: 2008-ին նա ավելացրեց դրանք ու միանգամից 6 մեդալ նվաճեց, որոնցից 4-ը’ ոսկե: Այդ ժամանակ Ջեսիկան նաև 3 համաշխարհային ռեկորդ սահմանեց: Ընդհանուր առմամբ Լոնգը իր անվան դիմաց 18 համաշխարհային ռեկորդ է գրանցել, որոնցից 15-ը մինչև այսօր չեն գերազանցվել:
2007-ին նա դարձավ Պարալիմպիկ խաղերի առաջին մասնակիցն, ով արժանացավ Amateur Athletic Union’s Sullivan Award մրցանակին: Թվարկվածները Ջեսիկայի մրցանակների մի մասն են միայն: Հիմա նա հանդես է գալիս ԱՄՆ-ի հավաքականի կազմում:
Ջեսիկան հավատում է Աստծուն, իր հաջողությանը, իր ընտանիքին ու ընկերներին: Նա ամեն օր առավոտը սկսում է լողավազանից ու ասում, որ ջրում իրեն շատ լավ է զգում: Այս մարզուհին, անխոս օրինակ է շատերի համար. օրինակ, որ ամեն ինչում և ամենուր հաղթանակի պետք է ձգտել’ անկախ մրցակցի հզորությունից:
Ջեսիկան հարցազրույցների ժամանակ շատ է նշել, որ երբևէ չի զգացել, թե հարազատ զավակը չէ իրեն որդեգրած ծնողների.
-Կյանքը ճանապարհորդություն է ու հիմա անգամ տարօրինակ է մտածել, որ ես խորթ եմ: Հիմա դրան դժվար է հավատալ: Եթե ինձ չորդեգրեին, չեմ էլ պատկերացնում, թե որտեղ կլինեի ու ինչ կլիներ…
Պատրաստեց` Անի Պետրոսյանը
Հետևեք մեզ նաև Telegram-ում