Ա.Սաղաթելյան. Այս ֆիլմն ապացուցում է, որ ադրբեջանական լեգենդը Խոջալուի մասին չունի ոչ մի բանական հիմք
Նմանատիպ
Այսօր Երևանի «Արմենիա-Մարիոթ» հյուրանոցում կայացել է «Սովի և կրակի միջև. իշխանություն` կյանքերի գնով» վավերագրական ֆիլմի շնորհանդեսը, որի նպատակն էր բացահայտել 20 տարի առաջ Խոջալուում տեղի ունեցած իրադարձությունների ճշմարտությունը: Ֆիլմում ներկայացվում են 1991 թ.-ի նոյեմբերից մինչև 1992 թ.-ի փետրվարն ընկած ժամանակահատվածի իրադարձությունները: Երկու մասից բաղկացած ֆիլմում ցուցադրվում են Ադրբեջանի քաղաքական շրջանակների գործած հանցագործությունները, որոնք անհերքելի փաստերն են այն հանցանքի, որի զոհը դարձան կանայք, երեխաներ և ծերեր:
«Ադրբեջանի հանրապետությունը հսկայական գումարներ է ծախսում Խոջալուի հետ կապված լեգենդը քարոզելու նպատակով: Խոսքը գնում է տասնյակ միլլիոն դոլլարների մասին, և դա միակ հենասյունն է, որը գոյություն ունի հակահայկական քարոզչության մեջ: Այս ֆիլմն ապացուցում է, որ ադրբեջանական լեգենդը Խոջալուի մասին չունի ոչ մի բանական հիմք»: Այս մասին շնորհանդեսի ժամանակ ասել էՀանրային կապերի և տեղեկատվության կենտրոնի տնօրեն Արա Սաղաթելյանը:
Նրա խոսքերով՝ իրենց հավաքած նյութերը թույլ կտան այս թեմային նվիրված մի շարք ֆիլմեր ներկայացնել, «և մենք կաշխատենք այդ ուղղությամբ»: Ա.Սաղաթելյանը նաև հայտնել է, որ այս ֆիլմը կթարգմանվի յոթ լեզվով, ինչպես նաև հանրությանը կներկայացվի հնարավոր բոլոր միջոցներով:
Ֆիլմի կարճ տարբերակի դիտումից հետո կազմակերպված մամլո ասուլիսի ժամանակ ֆիլմի պրոդյուսեր Արման Սաղաթելյանը նկատել է, որ ի տարբերություն ադրբեջանական կողմի՝ այստեղ շեշտը դրված չէ զգայական հնարքների վրա, այլ, ընդհակառակը, առկա է սթափ և լիովին տրամաբանական դատողություն, հետազոտություն և ներկայացված է արխիվային աշխատանքը: Բացի այդ, «Աղդամի շրջակայքում հանցագործություն է կատարվել, մահացել են քաղաքացիներ, և մեր առջև խնդիր էր դրված հասկանալու, թե ի վերջո ով է պատասխանատու այդ զոհերի համար և որն էր հանցանքի համար պատասխանատու կողմի դրդապատճառը»:
Ա.Սաղաթելյանը ներկայացրել է այն եզրակացությունները, որին հանգել են ֆիլմի հեղինակները և որ կարելի էր գալ ֆիլմը տեսնելուց հետո. «Նախ, տասնյակ տարիների ընթացքում դեռևս Խորհրդային Ադրբեջանի իշխանությունները Լեռնային Ղարաբաղի տարածքին մոտ ընկած հատվածներից հայերի հարկադրված տեղահանումներ կազմակերպելուց հետո այնտեղ բնակեցրել են ադրբեջանցիների, որպեսզի հետագայում այդ տարածքներն օգտագործեն որպես հարթակ՝ ռազմավարական տեսանկյունից կարևոր ճանապարհները և օդանավակայանը վերահսկելու համար»:
Որպես երկրորդ կետ բանախոսը նշել է այն, որ 90-ակկաների սկզբին Խոջալուն ակտիվորեն օգտագործվել է որպես ռազմական հարթակ՝ Արցախի մայրաքաղաքը շրջափակման մեջ պահելու համար, ինչի արդյունքում սպանվել է մոտ 50.000 բնակիչ և 30-35 հազար Ադրբեջանից փախստական: Այդ ընթացքում խաղաղ բնակչության նկատմամբ կիրառվել են զանգվածային ոչնչացման զենքեր:
Երրորդ, Ա.Սաղաթելյանի խոսքերով, ԼՂՀ-ի իշխանությունները սովի, ջրի և դեղորայքի պակասության պարագայում այլընտրանք չունեին, քան ճեղքել Ստեփանակերտի շրջափակումը: «Ընդ որում հակառակորդին նախազգուշացվել է նախատեսվող հարձակման մասին: Սակայն ադրբեջանական կողմը ոչ միայն ոչինչ չի նախաձեռնել խաղաղ բնակչությանը դուրս հանելու համար, այլ ընդհակառակը՝ հանցավոր կերպով բնակչությանը թողել է ռազմական գործողությունների կենտրոնում»,- հավելել է նա:
Ֆիլմի պրոդյուսերը նշել է, որ հայկական կողմը հետևել է միջազգային իրավունքի բոլոր նորմերին՝ միջանցք թողնելով Խոջալուից խաղաղ բնակչությանը դուրս բերելու համար, այնինչ ադրբեջանական կողմը ոչինչ չի ձեռնարկել բնակչության տարհանումը կազմակերպելու նպատակով: Այն մարդիկ, ովքեր օգտվել են հայերի ընձեռած հնարավորությունից, բարեհաջող անցել են միջանցքով:
Որպես մեկ այլ եզրակացություն Ա.Սաղաթելյանն ընդգծել է, որ այդպես կոչված Խոջալու դեպքերը տեղի են ունեցել Աղդամի մոտակայքում, որտեղ մինչև 1993 թվականը հայկական կողմը ոչ մի տեսակի վերահսկողություն չի ունեցել: Հակառակորդի տարածքում հայտնաբերված մարմինները, նաև՝ հենց իրենց աղբյուրների համաձայն՝ խոշտանգված էին:
Ա.Սաղաթելյանի խոսքերով՝ այդ ամենն արվել է այն նպատակով, որպեսզի այս հարցը հնարավոր լինի շահարկել ներքաղաքական պայքարում՝ այն ժամանակվա նախագահ Այազ Մութալիբովին գահընկեց անելու համար, ինչից հետո իշխանության կգային նացիոնալիստները: «Այս ամենն օգտագործվել է հայերի նկատմամբ ատելություն սերմանելու նպատակով՝ մեզադրելով վերջիններիս մի հանցանքի մեջ, որը հայերը չեն գործել: Եվ դա տեղի է ունենում մինչև այսօր»,- շեշտել է Սաղաթելյանը:
Պատասխանելով լրագրողների հարցերին՝ ֆիլմի պրոդյուսերն ընդգծել է, որ ֆիլմի պատրասման ընթացքում հիմնական դժվարությունը կայացել է փաստերի հայթայթման գործը, որոնց մեծամասնությունը նկարահանված է եղել արխիվներում պահված, հնացած լենտերի վրա, որոնք ստիպված են եղել թվայնացնել: Բացի այդ, անհրաժեշտ էր գտնել մարդկանց, ականատեսների, ովքեր կտիրապետեին արժեքավոր տեղեկություններով:
«Մենք որոշեցինք ֆիլմը բաժանել երկու մասի, որպեսզի չծանրաբեռնենք հանդիսատեսին: Չի բացառվում, որ գալիք սերունդները էլ ավելի լայնացնեն թեման՝ առկա հարուստ նյութերի հիման վրա»,- ասել է Ա.Սաղաթելյանը:
Իր հերթին ֆիլմի սցենարիստ Արմեն Մինասյանը նշել է, որ անցկացվել է հսկայական հետազոտական աշխատանք՝ չնայած նրան, որ բազմաթիվ վավերագրական փաստեր գտնվում են Ադրբեջանի տարածքում, ինչի հայթայթումն անհնարին է առայժմ:
Պատասխանելով այն հարցին, թե արդյոք հայկական կողմը ֆիլմի նկարահանման ընթացքում փորձել է ներգրավել ադրբեջանական կողմին, Ա.Մինասյանն ներկայացրել է հետևյալ ուշագրավ դեպքը. երբ նա Ստրասբուրգում հանդիպել է ադրբեջանից լրագրով Էյնուլլա Ֆաթուլայևի հետ, ով նույնպես զբաղվում է Խոջալուի դեպքերի ճշմարտության որոնումներով, և վերջինիս այդ նպատակով հրավիրել է Հայաստան, ինչին Ֆաթուլաևը պատասխանել է. «Դուք ուզում եք, որ ես նորից բա՞նտ նստեմ»:
Հիշեցնենք, որ ֆիլմի ստեղծման աշխատանքներն իրականացվել են ՀՀ նախագահի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն»-ի կողմից: Վավերագրական ֆիլմի հանրային ցուցադրումը կկայանա մարտի 3-ին, ժամը 18:00-ին` «Մոսկվա» կինոթատրոնում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում