Կ.Անդրեասյանի անդրադարձը ՊՆ գործունեության խնդիրներին և ձեռքբերումներին

Մարդու Իրավունքների Պաշտպան Կարեն Անդրեասյանն իր գնահատականներն է տվել Պաշտպանության նախարարության գործունեության ոլորտում 2011թ. զարգացումներին, որտեղ մասնավորապես նշվում է.

«Պաշտպանության նախարարության գործունեության ոլորտում առկա թերություններն ու խնդիրները

· Զինված ուժերում մահվան դեպքերի որոշ մասը պայմանավորված է եղել ոչ կանոնադրային հարաբերությունների արդյունքում ծագող խնդիրներով և դրանց կանխման ուղղությամբ սպայական կազմի կողմից ձեռնարկվող միջոցների ոչ բավարար արդյունավետությամբ:

·  ՀՀ զինված ուժերի որոշ սպաներ ցանկություն են հայտնել, զինվորական ծառայութան անցնելու մասին պայմանագիրը լուծել վաղաժամկետ, սակայն բարձրագույն հրամանատարական կազմը անհիմն ձգձգել է, իսկ որոշ դեպքերում սպաների նկատմամբ դրսևորվել է տարբերակված մոտեցում:

· Ժամկետային զինծառայողներից ստացվել են բազմաթիվ բողոքներ այն մասին, որ որևէ կարգապահական տույժ չունեցող զինծառայողներ` օրենքով սահմանված ծառայության 24 ամիսը լրանալուց հետո չեն զորացրվել, ինչը պատճառաբանվել է օրենքից չբխող տարբեր հիմնավորումներով:

· Առողջական վիճակի պատճառով տարկետում ստացած անձանց տարկետման ժամկետից շուտ պարտադրվել է ներկայանալ կրկնակի փորձաքննության:

· ՀՀ ՊՆ կենտրոնական ռազմաբժշկական հանձնաժողովի  (ԿՌԲՀ) որոշումներով զինվորական ծառայության համար ոչ պիտանի են ճանաչվել և ՀՀ զինված ուժերից վաղաժամկետ զորացրվել են 500 ժամկետային պարտադիր զինվորական ծառայություն անցնող շարքային կազմի զինծառայողներ: Նման թվաքանակով վաղաժամկետ զորացրելու փաստը վկայում է այն մասին, որ անձանց զորակոչելիս մանրակրկիտ բուժհետազոտության արդյունավետ կազմակերպումը զինկոմիսարիատներին չի հաջողվել:

· ՀՀ պաշտպանության նախարարության կենտրոնական ապարատում պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունն իրականացվել է բնակչությանը մոտ վայրի զորամասում ծառայություն անցնելու մի շարք պայմանների ու չափանիշների անհստակության պարագայում, իսկ որոշ դեպքերում թույլ են տրվել այդ պայմանների խախտումներ:

· Պարտադիր ժամկետային զինծառայողներին ՀՀ կենտրոնական և կայազորային զինվորական դատախազություններում հետագա ծառայությունը շարունակելու նպատակով տեղափոխելը կոռուպցիոն ռիսկեր է պարունակել: Նմանատիպ կառույցներում պարտադիր զինվորական ծառայության առկայությունը ընդունելի չէ:

· Պաշտպանության նախարարության համակարգում աշխատող պետական պաշտոնյաների կողմից կոռուպցիոն եղանակներով հարստացման կանխմանն ուղղված նախարարության ղեկավարության կողմից ձեռնարկված միջոցները բավարար չեն եղել: Կոռուպցիոն նման դրսևորումների առկայությունը էականորեն վտանգում է նախարարության գործունեության արդյունավետությունը և նպաստում տվյալ մարմնի կողմից մարդու իրավունքների կոպիտ խախտումների աճին:

· Չլուծված է մնացել շատ զինծառայողների բնակարանային պայմանների ապահովման խնդիրը:

Արձանագրված դրական զարգացումները

· 2011թ. ընթացքում ՀՀ ՊՆ թեժ գիծ ստացվել է մոտ 1370 ահազանգ, որոնցից 650-ին տրվել է ընթացք, և դրանք ստացել են դրական լուծում, իսկ մնացած 720-ը գրանցվել են որպես կեղծ ահազանգ:

· ՀՀ պաշտպանության նախարարության կողմից կառուցվել և վերակառուցվել են մոտ 5 բնակելի շենքեր, որի արդյունքում մոտ 210 զինծառայողներ ապահովվել են ծառայողական բնակարաններով, որից Երևան քաղաքում՝ մոտ 90 զինծառայող, իսկ մարզերում՝ մոտ 120 զինծառայող:

· Ըստ պաշտոնական տվյալների, ընթացիկ տարում` նախորդ տարիների համեմատու­թյամբ, էականորեն նվազել են զինված ուժերում տեղի ունեցած մահվան դեպ­քերը:

· Վերանորոգվել, հիմնանորոգվել են մի շարք զորամասերի զորանոցներ, բուժկե­տեր, ճաշարանային մասնաշենքեր և այլն, որոնք համապատասխանեցվել են տի­պային շինություններին:

· 2011թ. ոչ կանոնադրային հարաբերությունները բացառելու նպատակով ՀՀ պաշտ­պանության նախարարի կողմից մշակվել և զորքեր են առաքվել «Հրամանատարը զինվորի ավագ ընկեր» հատուկ ուղերձը, «Հայոց բանակի մարտական ոգու և զգոնության կտրուկ բարձրացմանն ուղղված», «Զինվո­րական կարգապահության կտրուկ բարձրացմանն ուղղված», «Զինվորական կարգապահության կտրուկ բարձրացմանը և արտակարգ դեպքերի ու պատահարների կանխարգելմանն ուղղված» մեթոդական ցուցումները, զորամասերում տարվել են բացատրական աշխատանքներ, իրականացվել են քննարկումներ ստորաբաժանումների անձնակազմի և հրամանատարների մասնակցությամբ, ինչպես նաև կազմվել և զորքեր է առաքվել «Զինվորական ենթակայության կարգի և ծառայողների կանոնադրային փոխհարաբերությունների դեմ ուղղված հանցագործությունները» մեթոդական ուղեցույցը և այլն:

· Ընթացիկ տարվա հոկտեմբեր ամսին ՀՀ պաշտպանության նախարարի, ՀՀ զինվո­րական դատախազի և ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի մասնակցությամբ կայացած աշխատան­քային հանդիպման ընթացքում քննարկվել են զինված ուժերում հանցավորության դեմ պայքարի և մարդու իրավունքների պաշտպանության ամրապնդմանն առնչվող հարցեր, որի արդյունքում ստեղծվել է զինված ուժերում հանցագործությունների կանխարգելման խումբ:

· Նախորդ տարվա ընթացքում ԵԱՀԿ երևանյան գրասենյակի օժանդակությամբ թարգմանվել է «Զինված ուժերի անձնակազմի մարդու իրավունքների և հիմանարար ազատությունների մասին» ձեռնարկը և կազմվել է «Զինված ուժերում մարդու իրավունքները» դասընթացի ծրագիր: Նախքան  զինված ուժերում և ռազմաուսումնական հաստատություններում այդ դասընթացի ներդրումը, ԵԱՀԿ օժանդակությամբ ՀՀ ՊՆ բոլոր զորամիավորումներում և ռազմաուսումնական հաստատություններում անցկացվել են զինված ուժերում մարդու իրավունքների և դրանց պաշտպանության վերաբերյալ ճանաչողական բնույթի դասախոսություններ, որոնց մասնակցել են զորամիավորումների, զորամասերի հրամանատարների ԱՀՏԱ գծով տեղակալներ, իրավաբաններ և այլ անձինք:

· Դարձյալ ԵԱՀԿ երևանյան գրասենյակի օժանդակությամբ նախապատրաստվել է «Առաջնորդությունը Զինված ուժերում» դասագիրք֊ձեռնարկի նախագիծ, որն ուղղված է զինված ուժերում անձնակազմի միջև փոխհարաբերությունների բարելավմանը, ղեկավարման և կառավարման նոր մեթոդների և միջոցների ներդրմանը և ոչ կանոնադրային հարաբերությունների կանխարգելմանը: ՀՀ պաշտպանության նախարարության  և Զինված ուժերի գերագույն շտաբի համապատասխան ծառայությունների կողմից դասագիրքն ուսումնասիրվելուց հետո քայլեր կձեռնարկվեն համանուն դասընթացի ներդրման ուղղությամբ:

· Պաշտպանության նախարարի և Զինված ուժերի գերագույն շտաբի պետի տեղակալների գլխավորությամբ աշխատանքային խմբեր են գործուղվել սահմանամերձ և հեռավոր շրջաններում տեղակայված զորամասեր, որոնց նպատակն է եղել անձամբ հանդիպել անձնակազմի անդամներին, ներկայացնել կարգապահության ամրապնդմանն ուղղված հանձնարարականներր և ծանոթանալ անձնակազմի բարոյահոգեբանական վիճակին:

· Կառուցողական համագործակցություն է ծավալվել Պաշտպանության նախարարության և Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի միջև, բողոքների քննարկման, առկա խնդիրների լուծման և զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության հարցում իրազեկության բարձրացման ուղղությամբ:

Կարեն Անդրեասյան

Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան»

Արձանագրված դրական զարգացումները, թերություններն ու խնդիրները ներկայացված են ոչ սպառիչ։

Տարեկան զեկույցի  սույն բաժինն (18) ամբողջությամբ կարող եք կարդալ http://pashtpan.am/pages/downloadPdf/file_id/533  հասցեով։

Հետևեք մեզ նաև Telegram-ում