Ս.Սարգսյան. «Հայաստանը բարձր է գնահատում Ֆինլանդիայի ջանքերը Հարավային Կովկասում կայունության հաստատման գործում»

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Ֆինլանդիայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Էրկկի Տուոմիոյային, հաղորդում են երկրի ղեկավարի մամլո գրասենյակից:
Նախագահը ողջունել է հյուրին և ընդգծել, որ Հայաստանը կարևորում է Սկանդինավյան երկրների և մասնավորապես Ֆինլանդիայի հետ համագործակցության զարգացումն ու հարաբերությունների առավել ամրապնդումը:
Հանրապետության ղեկավարի խոսքով, մեր երկիրը բարձր է գնահատում Հարավային Կովկասում կայունության և խաղաղության հաստատման գործում Ֆինլանդիայի հետաքրքրվածությունն ու ջանքերը, տարածաշրջանի երկրների և հիմնախնդիրների նկատմամբ հավասարակշիռ քաղաքականությունը:
Արտգործնախարար Էրկկի Տուոմիոյայը գոհունակությամբ է խոսել Հայաստանի և Ֆինլանդիայի միջև ինչպես երկկողմ, այնպես էլ միջազգային կազմակերպությունների շրջանակում դինամիկ զարգացող հարաբերությունների մասին:
Հանդիպման ընթացքում երկուստեք կարևորվել է ԵՄ «Արևելյան գործընկերության» ծրագրի շրջանակներում համագործակցությունը:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև միջազգային և տարածաշրջանային խնդիրների վերաբերյալ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում