Թույլ մի՛ տվեք, որ Արցախում ցեղասպանությունը կրկնվի. Ռուբեն Վարդանյանը` ֆրանսիական պարբերականներին

Թույլ մի՛ տվեք, որ Արցախում ցեղասպանությունը կրկնվի. Ռուբեն Վարդանյանը` ֆրանսիական պարբերականներին

Արցախի Հանրապետության պետնախարար Ռուբեն Վարդանյանը Ստեփանակերտից տեսակապի միջոցով հարցազրույցներ է տվել ֆրանսիական Marianne և La Vie հեղինակավոր պարբերականներին՝ ներկայացնելով Ադրբեջանի կողմից շրջափակման հետևանքով Արցախում ստեղծված իրավիճակը:

Marianne պարբերականին տված հարցազրույցում Ռուբեն Վարդանյանը կոչ է արել ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ ապահովելու Արցախի 120 000 հայերի կյանքն իրենց նախնիների հողում։

«Խնդիրն այն է, որ մենք բոլոր կողմերից շրջապատված ենք Ադրբեջանի
կողմից, որը միշտ պատրվակ կգտնի՝ արգելափակելու ճանապարհը և խանգարելու մեզ ապրել: Ստեփանակերտի օդանավակայանը հիմա չի գործում ադրբեջանական սպառնալիքների պատճառով, ամբողջությամբ պատրաստ է շահագործման: Եվ մենք հույս ունենք, որ ՌԴ-ն, ԱՄՆ-ը, Ֆրանսիան կկարողանան համաձայնության գալ և ճնշում գործադրել Ադրբեջանի կոռումպացված ռեժիմի վրա»,-նշել է Վարդանյանը։

Ֆրանսիական հեղինակավոր La Vie հրապարակելով Ռուբեն Վարդանյանի հարցազրույցը՝ նախաբանում նշել է, որ «2022 թվականի դեկտեմբերի 12-ից ի վեր Լեռնային Ղարաբաղը Հայաստանին կապող միակ ճանապարհը շրջափակվել է բնապահպան ակտիվիստների կերպարի տակ քողարկված զինվորականների կողմից՝ առաջացնելով աննախադեպ հումանիտար աղետ»։

Պարբերականի միջոցով իր ուղերձը փոխանցելով Ֆրնասիային՝ Արցախի պետնախարարը նշել է, որ Ֆրանսիան եղբայրական վերաբերմունք է ցուցաբերել հայերի նկատմամբ ցեղասպանությունից հետո։ «Ես պարզապես կցանկանայի ասել ֆրանսիացիներին. թույլ մի՛ տվեք, որ ողբերգությունը տեղի ունենա երկրորդ անգամ: Մի՛ բավարարվեք մեզ հետագայում օգնության ձեռք մեկնելով, կանխե՛ք այն, ինչ կարող է պատահել: Միշտ ավելի լավ է խուսափել աղետներից, քան
ստիպված լինել կառավարել դրանք…»:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում