ԱՊՀ դիտորդներն՝ ընտրությունների մասին. «Հայաստանում առկա է եղել առողջ մրցակցություն»

ՀՀ ԱԺ պատվիրակությունը, որի կազմում էին պատգամավորներ Արտակ Դավթյանը, Հրայր Կարապետյանը, խորհրդարանի փոխնախագահ Սամվել Բալասանյանի գլխավորությամբ մայիսի 15-ից 18-ը մասնակցել է Սանկտ Պետերբուրգում կայացած ԱՊՀ ՄԽՎ 37-րդ լիագումար նիստին: Այս մասին հաղորդում են ԱԺ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի նիստի ընթացքում քննարկվել է 14 մոդելային օրենք: Մասնակիցները կարևորել են «Գիտական գործունեության ժամանակ գիտնականների էթիկայի մասին» մոդելային օրենքը: Օրենքի հեղինակները կարևորել են գիտնականների պատասխանատվությունը ողջ մարդկության հանդեպ` գիտական արդյունքների կիրառման ժամանակ:
Վեհաժողովի լիագումար նիստում ներկայացվել է ԱՊՀ դիտորդների զեկույցը` 2012թ. մայիսի 6-ին Հայաստանում կայացած խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ: Դիտորդները բարձր են գնահատել ընտրությունների անցկացման ընթացքը: Նրանք հատկապես կարևորել են ընտրություններին մասնակցող բոլոր քաղաքական ուժերին քարոզարշավն իրականացնելու և լուսաբանելու համար հավասար հնարավորությունների տրամադրումն ու ընտրական հանձնաժողովների բարձր պատրաստվածությունը: Դիտորդները շեշտել են, որ Հայաստանում առկա է եղել առողջ մրցակցություն:
ԱԺ պատվիրակության անդամները մասնակցել են ԱՊՀ ՄԽՎ խորհրդի և երեք հանձնաժողովների նիստերի աշխատանքներին: Կարևոր քննարկումներ են ընթացել ԱՊՀ անդամ երկրների երիտասարդական միջխորհրդարանական վեհաժողով ստեղծելու հարցի շուրջ: Հայաստանի երիտասարդական խորհրդարանը դիտարկվել է որպես նման կառույցի ստեղծման մոդելային փորձ: ՌԴ Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն նշել է, որ ամենայն հավանականությամբ, աշնանը կձևավորվի ԱՊՀ անդամ երկրների երիտասարդական միջխորհրդարանական վեհաժաղովը:
Հայ խորհրդարանականները մասնակցել են նաև ՀԱՊԿ ԽՎ խորհրդի և լիագումար նիստի աշխատանքներին: Այստեղ ևս բարձր են գնահատվել Հայաստանում անցկացված խորհրդարանական ընտրությունները:
ԱՊՀ ՄԽՎ կազմավորման 20-րդ և ՀԱՊԿ ԽՎ կազմավորման 10-րդ ամյակներին նվիրված միջոցառումների շրջանակներում ԱՊՀ ԽՎ-ում և ՀԱՊԿ ԽՎ-ում Հայաստանի ԱԺ-ի պատվիարկության ղեկավարներն ու անդամները, ակտիվ և արդյունավետ աշխատանքի համար արժանացել են մեդալների ու պարգևների:
Սանկտ Պետերբուրգում ԱԺ փոխնախագահ Սամվել Բալասանյանը ներկա է գտնվել հայազգի գեներալ Վ. Մադաթովի 230-ամյակին նվիրված միջոցառմանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում