Տարածաշրջանն անցած շաբաթ

Տարածաշրջանն անցած շաբաթ

Times.am-ը շարունակում է ուշադիր հետևել Հայաստանում և նրա շուրջը տեղի ունեցող իրադարձություններին՝ ծանոթացնելով իր ընթերցողին ամենակարևոր զարգացումներին։ Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում անցած շաբաթվա գլխավոր իրադարձությունները։

Նախագահական ընտրություններ Թուրքիայում

Turkish President and leader of the Justice and Development Party (AKP) Recep Tayyip Erdogan speaks during a group meeting at the Turkish Grand National Assembly in Ankara on January 18, 2023. AFP

Երկար ժամանակ ինտրիգ պահելուց հետո Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն անցած շաբաթ վերջապես հայտարարեց, որ իր երկրում նախագահական ընտրությունները տեղի կունենան մայիսի 14-ին՝ նախատեսվածից մեկ ամիս շուտ։

Ընտրությունների օրը մեկ ամսով առաջ բերելը պաշտոնապես բացատրվում է այն հանգամանքով, որ ամռան ամիսներին Թուրքիայի շատ քաղաքացիներ երկրում չեն լինում և չեն կարող մասնակցել ընտրություններին։ Սակայն նման որոշման իրական պատճառը, ըստ շատ փորձագետների, ընդդիմադիրներին ընտրական գործընթացներին նախապատրաստվելու քիչ ժամանակ թողնելն է։ Բանը նրանում է, որ թուրքական ընդդիմությունը մինչ այս պահը նույնիսկ չի կարողացել հստակեցնել, թե ով է լինելու Էրդողանին ձեռնոց նետող միասնական թեկնածուն։

Միջազգային մամուլը նշում է, որ նախագահական մրցավազքը Թուրքիայում լինելու է այս տարվա ամենակարևոր ընտրությունը։ Փորձագետներն ուշադրություն են դարձնում այն փաստի վրա, որ հարակից տարածաշրջաններում օր օրի նոր կշիռ ձեռք բերող Թուրքիայի ներքին զարգացումներն անդրադառնալու են նաև այդ տարածաշրջանների վրա։

«Այն, ինչ տեղի է ունենում Թուրքիայում, չի մնում միայն Թուրքիայում։ Թուրքիան կարող է միջին տերություն մնալ, բայց մեծ տերությունները հետաքրքրված են այնտեղի ընտրություններով», – գրել է Bloomberg-ի մեկնաբան Բոբի Գոշը՝ նշելով, որ նախագահական ընտրությունների արդյունքներին սպասելու են նաև Մոսկվայում, Բրյուսելում ու Վաշինգտոնում։

Նոր կրքեր հայ-ադրբեջանական բանակցությունների շուրջ

Նիկոլ Փաշինյանը, Էմանուել Մակրոնը, Իլհամ Ալիևը և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը Պրահայի բանակցությունների ժամանակ․ հոկտեմբեր, 2022թ․

Հունվարի 18-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ։ Ինչպես նշված է հայկական կողմի պաշտոնական հաղորդագրության մեջ, զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման, արցախահայության իրավունքների պաշտպանության և անվտանգության ապահովման, տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակման, Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման հարցերի շուրջ:

U.S. Secretary of State Antony Blinken and ArmenianPrime Minister Nikol Pashinian (file photo)

ԱՄՆ պետքարտուղարն, իր հերթին, Twitter-ում գրառում է արել Փաշինյանի հետ հեռախոսազրույցի մասին և նշել, որ վերջինիս հետ խոսել է «քայլերի մասին, թե ինչպես վերականգնել Ադրբեջանի հետ խաղաղության երկկողմ քննարկումները, որը երկու երկրների միջև տևական խաղաղության միակ ուղին է»։

Հայ-ադրբեջանական բանակցությունների խնդիրն անցած շաբաթ եղել է Բաքվի և Երանի պաշտոնական խոսույթի հիմնական թեմաներից մեկը։ Դավոսի համաշխարհային ֆորումին իր մասնակցությունը բերած Ալիևը հայտարարել է, որ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանն ուղղված բանակցային գործընթացը փակուղում է հայտնվել։ Վերջինս ասել է, թե հայկական կողմը չի պատասխանել Ադրբեջանի առաջարկներին։ Նույն մեղադրանքը Երևանն ուղղում է Բաքվին։

Հիշեցնենք, որ դեռևս դեկտեմբերի 23-ին Փաշինյանը հայտարարել է, թե հայկական կողմի առաջարկները փոխանցվել են Ադրբեջանին։ Սակայն հակառակորդ կողմը տեղեկատվական արտահոսքի միջոցով նշում է, որ Հայաստանի պատասխանը վերաբերվում է ոչ թե իրենց առաջարկներին, այլ «շրջանակային պայմանագրի» մի տարբերակ է, որի հիմնական նպատակը ժամանակ ձգելն է։

Դավոսում Ալիև հայտարարել է, որ եթե Երևանն իսկապես հետաքրքրված է բանակցային գործընթացը շարունակելու համար, ապա դա կարելի է անել Վրաստանի միջնորդությամբ՝ եռակողմ ֆորմատով։ Նա նշել է, որ Ադրբեջանը, Վրաստանն ու Հայաստանը կարող են համագործակցել տարածաշրջանային հարցերի շուրջ և հավելել, որ Վրաստանը պատրաստ է այդպիսի համագործակցության։

Ալիևը նաև հայտարարել է, որ 2023թ.-ը խաղաղության հասնելու համար Հայաստանի վերջին շանսն է։

Արձագանքելով Ալիևի վերոնշյալ հայտարարություններին՝ ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հայտարարել է, որ Հայաստանը պատրաստ է բարձր մակարդակով նոր հանդիպման, որ այդ հանդիպումը կարող է կայանալ մոտ ապագայում, բայց նաև կասկած հայտնել վրացական միջնորդությամբ բանակցությունների շարունակման արդյունավետության հարցում։

Նշենք նաև, որ շաբաթվա վերջում Վրաստանից՝ իրենց տարածքուն հայ-ադրբեջանական բանակցություններ կազմակերպելու վերաբերյալ դրական ազդակ է ստացվել։ «Մենք հատուկ հարաբերություններ ունենք ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Հայաստանի հետ։ Վրաստանում բնակվում են ազգությամբ հայ և ադրբեջանցի շատ մարդիկ և երկու այդ պետությունների բանակցությունների համար լավագույն հարթակը գտնվում է հենց Վրաստանում», – հայտարարել է Վրաստանի խորհրդարանի փոխխոսնակ Գեորգի Վոլսկին։

Հրդեհ զորամասում

Հունվարի 19-ի առավոտյան հայտնի դարձավ, որ նույն օրը՝ ժամը 01:30-ի սահմաններում, դեռևս չպարզված հանգամանքներում հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում, որի հետևանքով զոհվել են 15 զինծառայողներ։ Եվս երեք զինծառայող ծանր այրվածքներով տեղափոխվել են հիվանդանոց։

Ցավալի այդ դեպքը հանարյին դժգոհությունների նոր ալիք է բարձրացրել։ Իսկ երբ համացանցում տարածվեցին այրված կացարանի լուսանկարները, իշխանություններին ուղղված քննադատությունները բազմապատիկ սրվեցին։ Մարդիկ տեսան, որ պաշտպանության նախարարությունը ոչինչ չի արել զինվորների զորանոցային պայմաններն ապահովելու համար։

Սոցիալական ցանցերում պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հրաժարականի պահանջ ձևավորվեց, որը շատ արագ սկսեց տարածվել նաև մամուլի էջերում և հասարակության շրջանում։ Սակայն երկրի քաղաքական իշխանությունները նախընտրեցին գնալ այլ ճանապարհով և զբաղեցրած պաշտոններից ազատեցին 2-րդ բանակային զորամիավորման գրեթե ողջ հրամանատարական անձնակազմին՝ սկսած կորպուսի հրամանատարից։ Փաշինյանի այս որոշումը հանրության կողմից պոպուլիստական գնահատվեց։

Վարչապետին ուղղված քննադատություններում կարմիր գծով անցնում էին երկու հիմնական թեզ։ Նախ, որ պաշտոնանկությունները շտապ ընդունված որոշումների արդյունք էին և որ իրական մեղավորների փոխարեն պատժվում են մարդիկ, որոնց մեղքը ոչ միայն հաստատված չէ, այլև, եթե նույնիսկ եղել է, չափազանց միջնորդավորված և ոչ ուղղակի։

Քննադատությունների երկրորդ թեման վերաբերվում էր բանակային կորպուսը «գլխատելուն»։ Ռազմական փորձագետները մտավախություն են հայտնել, որ այդքան շատ միաժամանակյա պաշտոնանկությունները կարող են անվտանգային մեծ խնդիրներ ստեղծել այդ ուղղությունում ծառայություն իրականացնող զորքերի համար։

Ռուս-վրացական հարաբերությունների նոր թնջուկը

Հունվարի 18-ին Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հույս է հայտնել, որ շուտով կարող են վերականգնվել Վրաստանի հետ ուղիղ ավիափոխադրումները։

«Չնայած Արևմուտքի ճնշումներին՝ սեփական շահերով և սեփական տնտեսության շահերով առաջնորդվելու Վրաստանի կառավարության կարողությունը հարգանքի է արժանի», – մասնավորապես ասել է Ս. Լավրովը։

Վրաստանի իշանությունները դրական են արձագանքել ռուսական կողմի՝ ուղիղ ավիափոխադրումները վերականգնելու առաջարկին։ Վրաստանում իշխող «Վրացական երազանք` ժողովրդավարական Վրաստան» կուսակցության նախագահ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է, որ Վրաստանը կաջակցի դեպի Ռուսաստան ուղիղ չվերթների վերականգնմանը։

Սակայն Վրաստանում ոչ բոլորն են ոգևորված Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորման արդեն իսկ սկսված գործընթացին։ Այս հարցում հատկապես ակտիվ է Վրաստանի խորհրդարանական ընդդիմությունը, որն ակտիվ խոսում է այն մասին, թե երկրի իշխանությունները դավաճանում են Վրաստանի ազգային շահերին ու «համագործակցում թշնամու հետ»։ Ընդդիմադիր պատգամավորները նշում են, որ երկրում անհրաժեշտ է իշխանափոխություն և որ Վրաստանը չի կարող սպասել մինչ 2024թ. (խորհրդարանական հաջորդ ընտրությունները Վրաստանում պետք է կայանան հենց 2024թ.-ին – խմբ.)։

Սալոմե Զուրաբիշվիլի

Ռուսաստանի հետ ուղիղ ավիափոխադրումները վերականգնելու գաղափարին դեմ է հանդես եկել նաև Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին։ Վերջինս կարծիք է հայտնել, որ այդպիսի «հնարքներով» Ռուսաստանը գժտություն է մտցնում Վրաստանի ու նրա արևմտյան գործընկերների միջև։ «Թռիչքների վերականգնման փոխարեն կառավարությունը պետք է մտածի մեր երկրի հեղինակություն մասին և միանաշնակ արձագանքի Վրաստանին ուղղված այն մեղադրանքներին, թե մեր երկիրը վերածվել է պատժամիջոցներից խուսափելու ուղի Ռուսաստանի համար», – ասել է Զուրաբիշվիլին։

Հետևեք մեզ նաև Telegram-ում