ԵՄ-ն նոր քաղաքացիական առաքելություն է ուղարկում Հայաստան 2 տարի ժամկետով
Նմանատիպ
Եվրոպական խորհուրդն այսօր համաձայնություն է ձեռք բերել Հայաստանում Եվրոպական Միության քաղաքացիական առաքելություն ստեղծելու մասին՝ Անվտանգության և պաշտպանության ընդհանուր քաղաքականության շրջանակներում:
Առաքելության նպատակն է նպաստել Հայաստանի սահմանամերձ շրջաններում կայունությանը, տեղում վստահության ձևավորմանը և Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման ջանքերին նպաստող միջավայրի ստեղծմանը։
Այս մասին հայտարարություն է տարածել ԵՄ խորհուրդը:
«Հայաստանում ԵՄ առաքելության ստեղծումը Հարավային Կովկասում ԵՄ ներգրավվածության նոր փուլ է սկսում։ ԵՄ-ն կշարունակի աջակցել ապաէսկալացիայի ջանքերին և հանձնառու է՝ սերտորեն համագործակցել երկու կողմերի հետ՝ տարածաշրջանում կայուն խաղաղության վերջնական նպատակին հասնելու համար», – ասել է ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը:
Հաղորդագրությունում նշվում է, որ ի պատասխան Հայաստանի խնդրանքի՝ Հայաստանում ԵՄ առաքելությունը կանոնավոր պարեկություն կիրականացնի և կզեկուցի իրավիճակի մասին, ինչի շնորհիվ ԵՄ-ն ավելի հիմնավոր պատկերացում կունենա տեղում իրավիճակի մասին: Առաքելությունը նաև կնպաստի Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի գլխավորած գործընթացի շրջանակներում միջնորդական ջանքերին:
Հայաստանում ԵՄ առաքելությունը նախնական մանդատ կունենա երկու տարի ժամկետով: Առաքելության օպերատիվ շտաբը կլինի Հայաստանում:
ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը ողջունել է ԵՄ-ի որոշումն ու այդ մասին գրառում արել իր թվիթերյան էջում․
We very much welcome the #EU's🇪🇺 decision to send a fully-fledged civilian mission to #Armenia🇦🇲. We will readily cooperate with the mission and support its activities.
This mission will contribute to the peace, stability and security of the region. pic.twitter.com/SEyf2WHL4Q— Ararat Mirzoyan (@AraratMirzoyan) January 23, 2023
«Մեծապես ողջունում ենք ԵՄ-ի որոշումը լիիրավ քաղաքացիական առաքելություն Հայաստան ուղարկելու մասին։ Մենք պատրաստակամ ենք համագործակցել առաքելության հետ և աջակցել նրա գործունեությանը։ Այս առաքելությունը կնպաստի տարածաշրջանում խաղաղության, կայունության և անվտանգության հաստատմանը»,-գրել է Միրզոյանը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում