Արդյո՞ք արևային վահանակների տեղադրումը լավ ներդրում է
Նմանատիպ
Այսօր հաճախ կարող ենք լսել, որ արևային վահանակների տեղադրումը տան սեփականատիրոջ համար կարող է համարվել արժեքավոր ներդրում, բայց ամեն ինչ միանշանակ չէ։
Արևային վահանակների տեղադրումը ենթադրում է ֆինանսական ներդրումներ, նույնիսկ՝ մեծ ներդրումներ: Նման ծախսեր կատարելուց առաջ անհրաժեշտ է իրականացնել որոշակի «հետազոտություն», քանի որ ոչ բոլոր տներում կարող են «քաղել» վերջինիս տված օգուտները:
Սկզբում անհրաժեշտ է հաշվարկել՝ արևային պանելները որքանո՞վ կնվազեցնեն տան էներգիայի ծախսերը: Այնուհետև պետք է հաշվի առնել արտադրված ավելորդ էլեկտրաէներգիան էլ. ցանցին վաճառելու հնարավորությունը: Իհարկե, Հայաստանում այս խնդիրը վաղուց կարգավորված է, բայց կան երկրներ, որտեղ այս հնարավորությունը բացակայում է, ինչը համակարգի ներդրումը ոչ արդյունավետ է դարձնում:
Հետո անհրաժեշտ է հաշվարկել, թե որքա՞ն եք վճարում էլեկտրաէներգիայի դիմաց տարվա ընթացքում: Պետք է հաշվարկել նաև տան չափն ու այնտեղ բնակվող մարդկանց քանակը: Եթե հաշվարկի արդյունքում ցանկալի է դառնում համակարգի ներդրումը, ապա վերջնական որոշման հանգելու համար անհրաժեշտ կլինի գնահատել նաև տան դիրքը, տանիքը, ինչպես նաև շրջակայքում գտնվող այլ «գործոններ», որոնք կարող են խանգարել արևային մարտկոցների ամբողջական ու լիարժեք աշխատանքին: Այդպիսի գործոններից են, օրինակ՝ բարձր ծառերի կամ բազմահարկ բնակելի շենքերի առկայությունը: Վերջիններիս և տան դիրքի ու տանիքի համադրման արդյունքում գուցե պարզվի, որ Ձեր ներդրումը կարող է համարվել չհիմնավորված:
Իսկ եթե վերոնշյալ «հետազոտությունից» հետո չեք հայտնաբերում որևէ «խանգարող» հանգամանք, ապա ներդրում կատարելու ճիշտ ժամանակն է:
Հետևեք մեզ նաև Telegram-ում