Զախարովան արձագանքել է Նիկոլ Փաշինյանի խոսքերին

Զախարովան արձագանքել է Նիկոլ Փաշինյանի խոսքերին

Եթե Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները ԵՄ-ին տարածաշրջան ներքաշելու փորձեր են, ապա դրանք հաջողված չեն։

Այս մասին իր ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ արձագանելով Փաշինյանի հայտարարությանը, թե ԵՄ առաքելությունը կոչված է ցրելու Ադրբեջանի այն պնդումները, թե ՌԴ-ն և ՀՀ-ն պատերազմ են նախապատրաստում ընդդեմ Ադրբեջանի։

«Եթե նման հայտարարությունները ԵՄ-ին տարածաշրջան ներքաշելու փորձեր են, ապա դրանք դժվար թե կարելի է հաջողված համարվել։ Ռուս խաղաղապահները խաղաղություն են ապահովում Լեռնային Ղարաբաղում, մեր սահմանապահներն աշխատում են նաև Հայաստանում, այդ թվում՝ հայ-ադրբեջանական սահմանային շրջաններում։ Երբեք այս առումով չենք լսել Բաքվի մտավախությունները։ Միևնույն ժամանակ, գիտենք Ադրբեջանի քննադատական վերաբերմունքը ԵՄ առաքելության տեղակայման վերաբերյալ»,- հայտարարել է Զախարովան՝ նշելով, որ ամեն ինչ այնպես չէ, ինչպես շարադրվել է։

«Ակնհայտ է, որ Բրյուսելն իր առջև խնդիր է դրել փոխել տարածաշրջանում ստեղծված անվտանգային համակարգը։ Դրա անկյունաքարը ռուս զինվորականների ու սահմանապահների ներկայությունն է, ինչպես նաև ՀԱՊԿ-ին ՀՀ անդամակցությունը»,- հայտարարել է Զախարովան՝ նշելով, թե հուսով է, որ ՀՀ-ում սա լավ հասկանում ու հաշվի են առնում։ Նա նաև նշել է, որ ՌԴ-ն բաց է մնում ՀՀ-ի հետ բանակցությունների համար։

Հետևեք մեզ նաև Telegram-ում