Տ.Մարգարյան. «Փակ շուկայում կատարվածն առնչվում է շինարարական կառուցվածքների փլուզմանը»

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը երեկ հանդես է եկել հայտարարությամբ՝ Փակ շուկայում նախօրեին գիշերը տեղի ունեցած քանդման աշխատանքների կապակցությամբ: Երևանի քաղաքապետն իր ֆեյսբուքյան էջում մասնավորապես գրել էր.
«Հարգելի համաքաղաքացիներ,
Տարբեր լրատվամիջոցներով տարածված տարաբնույթ տեղեկատվության, ինչպես նաև իմ ֆեյսբուքյան էջում մայրաքաղաքի Մաշտոցի պողոտայում գտնվող թիվ 1 փակ շուկայում ընթացող աշխատանքների, շուկայի ճակատագրին վերաբերող հարցերի առնչությամբ տեղեկացնում եմ, որ շուկայում շինարարական աշխատանքներ իրականացնելու թույլտվություն Երևանի քաղաքապետարանը չի տրամադրել:
Կատարվածն առնչվում է շինարարական կառուցվածքների փլուզմանը, որոնց ամրացման նպատակով տնտեսվարողի կողմից սեփական նախաձեռնությամբ միջոցներ են ձեռնարկվել ամրացման աշխատանքներ իրականացնելու` վթարային իրավիճակներից և փլուզումից խուսափելու նպատակով:
Օրվա ընթացքում շուկայի տարածքում աշխատել է Երևանի քաղաքապետարանի և ՀՀ մշակույթի նախարարության ներկայացուցիչների մասնագիտական խումբը, որի ուսումնասիրությունների արդյունքում տրված եզրակացությունից հետո կորոշվեն հետագա քայլերը:
Եզրակացության և ձեռնարկվելիք քայլերի մասին համապատասխան տեղեկատվություն կտրամադրվի»:
Հիշեցնենք, որ մայիսի 27-ի գիշերը Փակ շուկայում տեղի են ունեցել տանիքի քանդման աշխատանքներ, ինչը արժանացել է մի խումբ մարդկանց վրդովվմունքին: Երեկ առավոտվանից մի խումբ ճարտարապետներ և երիտասարդ ակտիվիստներ տեղում պայքարում էին իրենից պատմամշակութային արժեք ներկայացնող շուկայի շենքի անօրինական քանդման դեմ:
Panorama.am-ի հաղորդմամբ՝ ՀՀ մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Գայանե Դուրգարյանն ասել է, որ օրվա ընթացքում իրենք նույնպես հանդես կգան հայտարարությամբ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում