Միջազգային ամփոփ լրահոս․ Մարտի 8

Միջազգային ամփոփ լրահոս․ Մարտի 8

Բախումներ Թբիլիսիի կենտրոնում, հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանն ուղղված միջնորդական ջանքեր, ակնարկներ Ալիևի կողմից և կանանց իրավունքների վիճակն աշխարհում։

Times.am-ն ամփոփում է օրվա միջազգային լրահոսը՝ ներկայացնելով տարածաշրջանում տեղի ունեցող կարևորագույն իրադարձությունների ամփոփագիրը։

Քաղաքացիական ընդվզում և բախումներ Թբիլիսիի կենտրոնում 

Թբիլիսիում օտարերկրյա գործակալների մասին օրենքի ընդունման դեմ բողոքի ակցիայի ժամանակ տուժել է 50 իրավապահ, ձերբակալվել է 66 մարդ։ Այս մասին հայտնում է երկրի Ներքին գործերի նախարարությունը։ Քաղաքացիները ձերբակալվել են մանր խուլիգանության եւ ոստիկանության օրինական պահանջներին չենթարկվելու հիմքով։

Մարտի 7-ին Թբիլիսիում խորհրդարանի շենքի մոտ բողոքի ակցիա է սկսվել օտարերկրյա գործակալների մասին օրենքի ընդունման դեմ: Ոստիկանները ցուցարարների նկատմամբ կիրառել են արցունքաբեր գազ և ջրցան մեքենաներ ։

Ավելի ուշ հայտնի է դարձել, որ ցույցի մասնակիցները սկսել են ոստիկանների վրա Մոլոտովի կոկտեյլներ նետել։ Իրավապահներն իրենց հերթին կրակ են բացել ռետինե փամփուշտներով։

Վրաստանի նախագահն իր հերթին աջակցել է բողոքի ցույցը և խոստացել վետո դնել օրենքի վրա։ Վրաստանի խորհրդարանում օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվել է:

Համաձայն օրենքի նախագծի՝ բոլոր այն կազմակերպությունները, որոնք արտերկրից ֆինանսավորում կստանան, համարվելու են օտարերկրյա գործակալներ:

Ամերիկյան և եվրոպական միջնորդական ջանքեր հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացում 

Հայաստան է ժամանել ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ, Հարավային Կովկասում բանակցությունների հարցերով ԱՄՆ Պետդեպարտամենտի ավագ խորհրդական Լուի (Լու) Բոնոն, ով «Ազատության» հայկական ծառայությանը տված բացառիկ հարցազրույցում հայտարարել է, թե կայուն, երկարատև և հավասարակշռված խաղաղության պայմանագիր ունենալու համար այն պետք է ներառի նաև Լեռնային Ղարաբաղը: «Եվ մենք հանձնառու ենք դա ավարտին հասցնել: Մենք գիտակցում ենք դրա կարևորությունը»,-ասել է բոնոն։

Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաար

 

Միևնույն ժամանակ Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը ադրբեջանական ԱՊԱ գործակալությանը տված հարցազրույցում նշել է, որ Երևանի և Բաքվի ղեկավարներն ունեն քաղաքական կամք՝ վերացնելու այս հակամարտության հետևանքները։ «Այս տեսանկյունից մենք կարծում ենք, որ նախագահ Ալիևը հավատարիմ է այս գործընթացին, իսկ վարչապետ Փաշինյանը պարտավորություններ ունի»,-ասել է Կլաարը։

Ադրբեջանը հայկական կողմից դրական արձագանքի է սպասում  

Մենք հույս ունենք, որ Հայաստանը դրական կարձագանքի խաղաղության համաձայնագրի առաջարկի վերաբերյալ մեր դիտարկումներին։

Այս մասին ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Լատվիայի նախագահ Էգիլս Լևիտսի հետ մարտի 8-ին կայացած հանդիպումից հետո:

«Որոշ ժամանակ առաջ մենք ներկայացրել ենք մեր առաջարկը, որը հիմնված է միջազգային իրավունքի նորմերի և սկզբունքների վրա։ Մենք մեկնաբանություններ ենք ստացել Հայաստանից։ Ի պատասխան՝ մենք նրանց ուղարկեցինք մեր մեկնաբանությունները։ Այնպես որ, գործընթացն ընթանում է»,-հայտարարել է Ալիևը։

Ֆրենկ Փալոնը կոչ է արել Ներկայացուցիչների պալատին 100 միլիոն դոլար հատկացնել Հայաստանին և 50 միլիոն դոլար՝ Արցախին

ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ Ֆրենկ Փալոնը կոչ է արել Ներկայացուցիչների պալատի իր գործընկերներին 100 միլիոն դոլար հատկացնել Հայաստանին և 50 միլիոն դոլար՝ Արցախին։ Ֆրեն Փալոնեն նամակով դիմել է Ներկայացուցիչների պալատի արտաքին գործողությունների հատկացումների ենթահանձնաժողովի նախագահ Մարիո Դիաս-Բալարտին և բարձրաստիճան անդամ Բարբարա Լիին, որում կոչ է արել նաև 2 միլիոն դոլար հատկացնել ականազերծման աշխատանքների համար և ապահովել «Ազատության աջակցության ակտի» 907-րդ հոդվածի կատարումը, որով սահմանափակվում է ԱՄՆ-ի կողմից Ադրբեջանի կառավարությանը տրամադրվող ռազմական օգնությունը, ինչպես նաև ճնշում գործադրել Ադրբեջանի վրա, որպեսզի վերջինս ազատ արձակի հայ ռազմագերիներին, որոնք պետք է ազատ արձակվեին դեռևս 2020 թվականի նոյեմբերին ստորագրված եռակողմ հայտարարության համաձայն։

Աշխարհում ամենաշատ ոտնահարվում են աֆղան կանանց իրավունքները․ ՄԱԿ

«Թալիբան» շարժման կառավարության օրոք Աֆղանստանն այն երկիրն է, որտեղ աշխարհում ամենից շատ են բռնաճնշումների ենթարկվում կանանց իրավունքները, որտեղ իշխանությունները փաստացի փակել են կանանց և աղջիկներին իրենց տներում»։ Այս մասին հայտարարել է Միավորված Ազգերի Կազմակերպությունը։

«Թալիբանի» կառավարությունը 2021թ. օգոստոստին երկրում իշխանությունը զավթելուց հետո մտցրել է մի շարք սահմանափակումներ աղջիկների և կանանց համար։

«Մենզ հաճելի չէր տեսնել նրանց մշտական, միտումնավոր և կանոնավոր ջանքերը՝ աֆղան կանանց և աղջիկներին հանրային ոլորտից դուրս մղելու ուղղությամբ»,- ասել է Աֆղանստանում ՄԱԿ-ի առաքելության ղեկավար Ռոզա Օթունբաևան Կանանց միջազգային օրվա կապակցությամբ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում