ԵԱՀԿ Մինսկի խումբը սառեցված է․ Բույար Օսմանի
Նմանատիպ
ԵԱՀԿ Մինսկի խումբը, որը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման միջազգային մանդատ ունեցող միակ կառույցն է, այս պահին սառեցված է, սակայն այն կարող է դերակատարում ունենալ, երբ համապատասխան իրավիճակ լինի:
Այս մասին հայտարարեց ԵԱՀԿ գործող նախագահ, Հյուսիսային Մակեդոնիայի ԱԳ նախարար Բույար Օսմանին Երևանում ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ ճեպազրույցում՝ անդրադառնալով Ադրբեջանի նախագահի պնդումներին, թե ԼՂ հակամարտություն գոյություն չունի, Մինսկի խումբն էլ սպառել է իրեն և այլևս դրա անհրաժեշտությունը չկա:
«Մինսկի ձևաչափը հիմնվել է պաշտոնապես՝ Բուխարեստի գագաթնաժողովում, և այն կա: Եվ մենք սատարում ենք Մինսկի խմբին»,-ասել է ԵԱՀԿ գործող նախագահը:
«ԵԱՀԿ-ում տեղյակ են, որ կան նման գնահատականներ: Աշխարհաքաղաքական փոփոխված իրավիճակները, որոնք սերում են ռուս-ուկրաինական պատերազմից, ևս փոխել են համանախագահների միջև դինամիկան: Համանախագահների հավաքներ չեն լինում, որպեսզի նրանք պաշտոնապես կատարեն իրենց աշխատանքը: Ուստի Մինսկի խումբն այս պահին սառեցված է: Սակայն չեմ կարող մերժել, որ դերակատարում կարող է լինել Մինսկի ձևաչափի համար, երբ իրավիճակները համապատասխան լինեն»,-ընդգծել է Օսմանին:
Նա նշել է, որ, այդուհանդերձ, ԵԱՀԿ-ն միայն Մինսկի խումբը չէ, ԵԱՀԿ-ն ունի մի շարք այլ գործիքներ ու մեխանիզմներ, որոնք կարող են ներկայացվել՝ սատարելու խաղաղության գործընթացին հայերի ու ադրբեջանցիների միջև:
«Եվ ես այստեղ եմ՝ խթանելու և իմ ներդրումն ունենալու այդ խաղաղության գործընթացի ուղղությամբ՝ առաջարկելով ԵԱՀԿ-ի ճկուն ու ինքնատիպ գործիքակազմը վստահության վերականգնման, հաշտության ուղղությամբ, խթանելու խաղաղության գործընթացը և հասնելու համապարափակ, կայուն հանգուցալուծման»,-ասել է ԵԱՀԿ գործող նախագահը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում