Բուլղարիայի մշակույթի նախարարն այցելել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին

Հունիսի 14-ին Հայաստանում պաշտոնական այցով գտնվող Բուլղարիայի Հանրապետության մշակույթի նախարար Վեժդի Ռաշիդովի գլխավորած պատվիրակությունը, ուղեկցությամբ ՀՀ մշակույթի փոխնախարար Արթուր Պողոսյանի և Բուլղարիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արսեն Սհոյանի, այցելեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին:

Մայր Աթոռում պատվիրակությանը ողջունեց Հրատարակչական բաժնի տնօրեն Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը՝ փոխանցելով Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությունն ու բարեմաղթանքները:

Մայր Աթոռի մամլո դիվանի փոխանցմամբ՝ հանդիպման ընթացքում Նաթան Սրբազանն անդրադարձավ երկու ժողովուրդների պատմական բարեկամական կապերին, ինչի վկայությունն է դեռ 9-րդ դարից հայ համայնքի առկայությունը Բուլղարիայում: Այդ առիթով Սրբազանն երախտագիտություն հայտնեց Բուլղարիայի իշխանություններին՝ բուլղարաբնակ հայորդիների նկատմամբ ցուցաբերվող հոգատար վերաբերմունքի համար:

Սրբազանն իր խոսքում նաև կարևորեց երկու ժողովուրդների միջև մշակութային կապերի սերտացումը՝ ընդգծելով, որ մշակույթի միջոցով կարելի է հարատև պահպանել ժողովրդի հոգին ու ոգին: Սրբազան Հայրը հաջողություն մաղթեց պրն. Ռաշիդովին իր պատասխանատու առաքելության մեջ՝ նշելով, որ առանց մշակույթի ազգերը չեն կարող գոյատևել:

Իր հերթին Բուլղարիայի մշակույթի նախարարը կարևորեց երկու ժողովուրդների ջերմ հարաբերությունների ամրապնդումը, ովքեր դարեր շարունակ Բուլղարիայում ապրել են կողք կողքի, կիսել ուրախություններն ու դժվարությունները և իրենց արարումներով հարստացրել Բուլղարիայի մշակույթը:

Զրույցի ընթացքում անդրադարձ կատարվեց Հայ Առաքելական և Բուլղար Ուղղափառ եկեղեցիների եղբայրական հարաբերություններին, խոսվեց երկու ժողովուրդների ընդհանրությունների և հասարակության կյանքում հոգևոր արժեքների կարևորության մասին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում