«Մանչեսթեր Սիթին» առաջին անգամ նվաճեց Չեմպիոնների լիգայի գավաթը

«Մանչեսթեր Սիթին» առաջին անգամ նվաճեց Չեմպիոնների լիգայի գավաթը

Ստամբուլի «Օլիմպիական» մարզադաշտում կայացավ Չեմպիոնների լիգայի 2022/23 խաղարկության եզրափակիչը, որի շրջանակում միմյանց դեմ մրցեցին «Մանչեսթեր Սիթին» ու «Ինտերը»։

Առաջին կեսն անցավ բավական լարված և հետախուզական պայքարում, որի ընթացքում գրեթե գոլային պահեր չեղան։

Հանդիպման առաջին խաղակեսը նշանավորվեց միայն «քաղաքաբնակների» կիսապաշտպան Կևին դե Բրույնեի վնասվածքով, ով 36-րդ րոպեին դաշտում տեղը զիջեց Ֆիլ Ֆոդենին։

Երկրորդ խաղակեսի մեկնարկում էլ խաղի սցենարի հետ կապված գրեթե ոչ մի փոփոխություն չկար, սակայն 58-րդ րոպեին «Ինտերը» աչքի ընկնելու հիանալի հնարավորություն ունեցավ, երբ «Սիթիի» պաշտպան Մանուել Ականջին պարզ իրավիճակում սխալվեց, ինչից հետո Լաուտարո Մարտինեսը հայտնվեց հարվածային իրավիճակում, սակայն մանկունյական ակումբին փրկեց դարպասապահ Էդերսոնը։

Երկրորդ կեսի միջնամասից Պեպ Գվարդիոլայի թիմը սկսեց տիրել նախաձեռնությանը, ինչի արդյունքում 68-րդ րոպեին խառնաշփոթ իրավիճակ ստեղծեցին միլանյան ակումբի տուգանային հրապարակում, որից էլ առաջինը կողմնորոշվեց «Սիթիի» կիսապաշտպան Ռոդրին, ով հուժկու կարվածով դարձավ գոլի հեղինակ և բացեց հաշիվը։

Բաց թողած գոլից անմիջապես հետո «Ինտերը» պատասխան գնդակը խփելու հիանալի հնարավորություն ուներ, սակայն Ֆեդերիկո Դիմարկոյի գլխով հարվածից հետո գնդակը դիպավ դարպասաձողին, իսկ նրա երկրորդ հարվածը փակեցին «Սիթիի» պաշտպանները։

88-րդ րոպեին «ներաձուրիները» պատասխան գոլը խփելու անհավանական հնարավորություն կորցրին. Ռոմելու Լուկակուի` 4-5 մետրից կատարած գլխով հարվածից հետո փայլեց Էդերսոնն ու փրկեց իր թիմին։

90+6-րդ րոպեին բրազիլացի դարպասապահը կրկին հրաշք գործեց, երբ Ռոբին Գոսենսի հարվածից հետո հիասքանչ սեյվ կատարեց։

Ի վերջո, «Մանչեսթեր Սիթին» պահպանեց հաղթական հաշիվն` առավելության հասնելով 1:0 հաշվով։

Այսպիսով, «քաղաքաբնակները» պատմության ընթացքում առաջին անգամ դարձան Չեմպիոնների լիգայի հաղթող։

Նշենք, որ «Ինտերի» կազմից հանդիպմանը մասնակցեց նաև Հենրիխ Մխիթարյանը, ով փոխարինման դուրս եկավ 84-րդ րոպեին։

Հետևեք մեզ նաև Telegram-ում