«Հայկական ժամանակ». Ռազմական բժիշկների ծեծի մեղավորները երեկ գնացել են տուն

Նախօրեի գիշերը «Հարսնաքար» ռեստորանից ՀՀ ՊՆ ԿԿ զինվորական հոսպիտալ են տեղափոխվել նույն հոսպիտալի 2 բժիշկներ’ «Քիթ, կոկորդ, ականջ» բաժանմունքի պետ, մայոր Վահե Ավետյանը և միկրովիրաբույժ, կապիտան Արտակ Բայադյանը:

Առաջինի վիճակը ծայրահեղ ծանր է, երկրորդինը’ կայուն ծանր: Ոստիկանությունից երեկ թերթի թղթակցին պաշտոնապես հայտնել են, որ գործը բացահայտված է, նրանց հարվածել է ռեստորանի անվտանգության աշխատակիցը, որն արդեն ոստիկանության բաժնում ցուցմունք է տվել ու գնացել տուն: Հարցին, թե ինչու չի ձերբակալվել, ոստիկանությունից ասել են, որ քրեական գործն ուղարկվել Է ՀՀ ՊՆ քննչական ծառայություն: ՀՀ ՊՆ քննչական ծառայությունից, նույն հարցին ի պատասխան, ասել են, որ քրեական գործը դեռ չեն ստացել: Այսպիսով, երկու բժշկի մահվան դուռը հասցրած «ախռաննիկը» ոստիկանությունից երեկ հանգիստ գնացել է տուն: Տեղի ունեցածը ռազմական բժիշկների շրջանում լուրջ դժգոհություն է առաջացրել, ինչը առաջիկայում հնարավոր է’ ինչ-որ կերպ արտահայտվի: Դաժանորեն ծեծված բժիշկները մասնագիտական բավական բարձր հեղինակություն են վայելում գործընկերների շրջանում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում