«Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության ծրագրով» 85 գյուղում արդյունավետությունն աճել է. Tert.am
Նմանատիպ
Համաշխարհային բանկի Միջազգային ծրագրերի ընկերակցության (IDA), ՀՀ կառավարության և շահառուների համաֆինանսավորմամբ ՀՀ մարզերում 5 տարի տևողությամբ իրականացվել և իրականացվում է «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության» վարկային ծրագիր, որով նախատեսված աշխատանքների հիմնական մասն արդեն կատարվել է, ինչպես նաև ծրագրով նախատեսված 55 համայնքին խնայողությունների հաշվին գումարվել է նաև ևս 30-ը:
Ծրագրի բաղադրիչներից են համայնքների և անասնապահության կառավարման համակարգը, գյուղատնտեսությանն աջակցող ծառայությունների հզորացումը, որով նախատեսված է գյուղատնտեսական խորհրդատվական ծառայություններ և համայնքներում կենդանիների առողջությանն ուղղված ծառայություններ: Երրորդ բաղադրիչը մրցակցային դրամաշնորհների ծրագիրն է, որով սկզբից մինչ օրս իրականացվել է 5 փուլի մրցույթ, որոնց արդյունքում հաղթող է ճանաչվել 37 ծրագիր: Նշված 37 ծրագրից 18 ծրագիր ավարտված է, մնացած 19-ը գտնվում են իրականացման տարբեր փուլերում: Ստեղծվել են կոոպերատիվներ, որոնց տրամադրվել են գյուղատնտեսական սարքավորումներ, կատարվել է արոտավայրերի ջրարբիացում, անասնաբույժների վերապատրաստում, ինչպես նաև անցկացվել են մի շարք սեմինարներ և խորհրդատվական ծրագրեր:
Ներկայացնելով ծրագրի մինչ այսօր գրանցած արդյունքները՝ գյուղատնտեսական ծրագրերի իրականացման գրասենյակի տնօրեն Գագիկ Խաչատրյանը Գեղարքունիքի մարզ կատարած այցելության ժամանակ լրագրողներին ասաց. «Ծրագրի ավարտին, որը տևելու է երեք տարի յուրաքանչյուր համայնքի համար, կենդանիների կաթնատվությունը և մսատվությունը պետք է ավելանա 25-30 տոկոս: Սա շատ համեստ հաշվարկներով է: Այսօր մենք գյուղեր ունենք, որտեղ 50 տոկոսով ավելացել է կաթնատվությունը: Օրինակ՝ Վարդաձոր գյուղը, որտեղ արդեն ավարտվել է ծրագիրը, կովերի կաթնատվությունը 1500-ից հասել է մինչև 3000 լիտրի: Միջին հաշվով յուրաքանչյուր համայնքում, որտեղ երեք տարին դեռ չի լրացել, ընդհանուր ծրագրի արդյունքներով 10-15 տոկոս արդյունավետության աճ է արձանագրվել»:
Նա նաև տեղեկացրեց, որ ծրագրի շրջանակներում ստեղծված կոոպերատիվներին տրամադրված գյուղտեխնիկան ծրագրի ավարտից հետո մնում է գյուղացիներին: «Գյուղտեխնիկան նրանց տրամադրվում է 50 տոկոս համաֆինանսավորմամբ: Նրանց օգնում են նաև բարերարներ, կոոպերատիվի վրա մնում է ընդամենը 20 տոկոս պարտավորություն»,-ասաց նա և ավելացրեց, որ ծրագիրը շատ պահանջված է այն համայնքներում, որտեղ հիմնական եկամտի աղբյուրն անասնապահությունն է: Ծրագրի իրականացնումը հնարավորություն կտա բարձրացնել գյուղատնտեսության արդյունավետությունը և եկամուտները:
Ինչ վերաբերում է շահառուների կարծիքներին, Գագիկ Խաչատրյանը նշեց, որ ծրագրից շատ գոհ են, իսկ խնդիրները, որոնք նրանք ներկայացնում են, շատ տրամաբանական է: Արդյունավետության բարձրացման պարագայում մթերման խնդիր է առաջանում, և գյուղացիները բարձրացնում են գյուղմթերքի իրացման խնդիր: Խնդիրը կարգավորելու համար ծրագրի շարունակությամբ նախատեսնում է ֆերմերային տնտեսություններին օժանդակություն տրամադրել գյուղատնտեսական մթերքների իրացման հարցում. «Նախատեսվում են սպանդանոցների ստեղծում, կաթի հավաքման կետերի ստեղծում, նույնիսկ վերամշակման կետերի հիմնում: Անգամ կարող են մի քանի կոոպերատիվներ դիմել և ստանալ աջակցություն վերամշակման արտադրություն և սպանդանոց հիմնելու համար»:
Ծրագիրը ներդրվել է 2011թ.-ին, ավարտը նախատեսվում է 2016 թվականին: Ընդհանուր արժեքը կազմում է 21.33 մլն ԱՄՆ դոլար, որից 16 մլն դոլարը՝ Համաշխարհային բանկի Միջազգային զարգացման ընկերակցության վարկ, 3.53 մլն դոլար ՀՀ կառավարության և 1.80 մլն դոլար շահառուների համաֆինանսավորում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում