«Շանթ»-ը կրճատել էր մտավորականների խոսքը. նրանք չեն հրաժարվում իրենց ստորագրությունից

Մոտ հարյուր անհատներ ու կազմակերպություններ վերջերս դիմել էին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին՝ հեռուստաեթերում առկա հակասոցիալական բովանդակությունից «ձերբազատվելու» պահանջով:

Քաղաքացիական այս նախաձեռնությունը կարճ ժամանակում բավական մեծ ուշադրոության է արժանացել: Հատկապես մեծ թափով քննարկումներ են ընթանում սոցիալական ցանցերում: Հուլիսի 8-ին «Շանթ» հեռուստաընկերության «Կիրակնօրյա Հորիզոն»-ն ամբողջությամբ նվիրված էր նշված նամակին: «Շանթ»-ը զրուցել էր նամակն ստորագրած մի քանի մտավորականների հետ:

«Դե էլ ինչ ասեմ, սպանեցիք այդ հարցով: Եթե մի ժամ խոսում ենք, մի նախադասությունն եք դնում: Ու միշտ այդպես է: Ասուլիսներին գալիս ենք խոսում ենք, մի նախադասություն եք վերցնում», Times.am-ի թղթակցի հարցը դեռ մինչեւ վերջ չլսած՝ վրդովված ասաց երգիչ Սահակ Սահակյանը, ով եւս նախաձեռնությանը միացած մտավորականներից է: «Կիրակնօրա հորիզոն» հաղորդման մեջ Սահակյանն ասել է, որ բառացի չգիտի նամակի բովանդակությունը, բայց նախաձեռնությանը կողմ է:

«Միայն դա չեմ ասել, մի ժամ խոսել եմ, մի նախադասությունն են դրել», ասաց երգիչն ու հավելեց, որ ինքը կողմ է նորմալ սերիալներին: «Ես կողմ եմ, որ նորմալ սյուժեներ լինեն: Եթե կարելի է նկարահանել բռնություն, սպանություն, կարելի է նաեւ նորմալ սյուժեներ ընտրել», կարծում է երգիչը:

Իսկ նախաձեռնությանն ինքը վաղուց է ծանոթ: «Լավ չեմ հիշում, կարծեմ՝ ձմռանն էր, որ սկսեցինք նամակը գրել, իհարկե ծանոթ եմ, ու միայն ես չէ, բոլորն էլ ծանոթ են, նորություն չի»: Մտավորականը նաեւ մտահոգություն հայտնեց, որ այսօր ո´չ մասնավոր, ո´չ հանրային հեռուստաալիքներով չեն ցուցադրվում մանկական հաղորդումներ: «Երեկոյան ժամերը թանկ ժամեր են, եւ մանկական հաղորդումները վերացան: Դու հիշու՞մ ես «Բարի գիշեր, երեխաներ»-ը: Հիմա այդ հաղորդումը չկա, որ երեխաները դիտեն ու գնան քնեն»: Երգիչը նշեց, որ նախաձեռնությունն ուղղված է եթերային քաղաքականության դեմ ու հավելեց, որ բոլորին էլ հասկանալի է՝ կոմերցիոն հեռուստաալիքները գումար են աշխատում:

«Կիրակնօրյա Հորիզոն» հաղորդման մեջ ընդգրկված էր նաեւ Հովհաննես Թումանյանի Երեւանի թանգարանի տնօրեն Նարինե Թուխիկյանի խոսքը, ով հաղորդման ժամանակ ասում է, թե ինքը ծանոթ չի եղել նամակի բովանդակությանը:

«Ես ինձ իսկապես շատ վատ եմ զգում, քանի որ դա իմ մեղքն է: Պարզվեց, որ կազմակերպիչներն իսկապես նամակն ինձ ուղարկել են էլեկտրոնային փոստով մարտ ամսին: Սակայն ես էլեկտրոնային փոստս ստուգում եմ շաբաթը մի անգամ, ու մոռացել էի, որ կարդացել եմ նամակն ու պատասխանել, որ միանում եմ: Ու երբ «Շանթ»-ի նկարահանող խումբը հարցրեց ինձ, ես իսկապես մոռացել էի այդ նամակի մասին: Ստացվում է, որ ես ստել եմ, բայց Աստված է վկա, ես ուղղակի մոռացել էի»: Նարինե Թուխիկյանը Times.am-ի հետ զրույցում նշեց, որ ինքն անպայման պիտի զանգահարի իրեն նամակ ուղարկող Աննա Նասիբյանին ու ներողություն խնդրի, քանի որ ընդունում է՝ դա իր մեղավորությունն է եղել:

Տիկին Թուխիկյանը նաեւ տարակուսանք հայտնեց, թե ինչու՞ է «Շանթ» հեռուստաընկերությունը արդարանում, քանի որ, իր կարծիքով, այս հեռուստաալիքն ունի բավականին լավ հաղորդումներ: «Իհարկե, իմ ստորագրությունը վերաբերում է նաեւ «Շանթ»-ի մի քանի հաղորդումներներին: Այս մասին ես ասել եմ իրենց, բայց հաղորդման մեջ չկար: Իմ խոսքը կրճատված է»: Ն. Թուխիկյանը մեկ անգամ եւս ընդգծեց, որ ինքը կողմ է նախաձեռնությանը, որն ուղղված է անորակ հաղորդումների դեմ: «Կարծում եմ, որ այս նախաձեռնությունը հիմնականում ուղղված էր Հ1-ի դեմ եւ կարծում եմ,որ «Շանթը» չպետք է արդարանար», նշեց Թուխիկյանը: Վերջում նա եւս մեկ անգամ ընդգծեց, որ ցավում է, որ խիտ գրաֆիկի պատճառով մոռացել էր նամակի մասին, որն ինքը կարդացել էր եւ որին պատասխանել էր:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում