«Վագներ»․ Մի ապստամբության պատմություն
Նմանատիպ
Այն ինչ տեղի ունեցավ հունիսի 23-ից 24-ը Ռուսաստանում, շատ հուզիչ էր, դրամատիկ և զարմանալի։ Ամեն ինչ սկսվեց և ավարտվեց այնքան արագ, որ աշխարհը նույնիսկ չհասցրեց համարժեքորեն արձագանքել կատարվող իրադարձություններին։
Իսկ կատարվեց հետևյալը․ Եվգենի Պրիգոժին անունով անձը, ով ունի երկար տարիների մտերմություն Ռուսաստանի բարձրագույն քաղաքական իշխանության ամենավերին էշելոնների հետ և ով հասցրել է ստեղծել «Վագներ» անումով մասնավոր ռազմական կազմակերպություն, խռովություն բարձրացրեց ՌԴ ՊՆ-ի դեմ և կարճ ժամանակում իր 25 հազարանոց մասնավոր բանակով գրավեց Դոնի Ռոստովի և Վորոնեժի ռազմական օբյեկտները։
Կրեմլը Պրիգոժինի գործողությունները որակեց պետական դավաճանություն, խռովություն և «մեջքից հարված»։ Ինքը՝ Պրիգոժինն, իր գործողությունը բնորոշեց որպես «Արդարության մարշ»՝ կոչ անելով ՌԴ զինված ուժերում ներգրավված բոլոր ստորաբաժանումներին չենթարկվել Պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուին և անցնել «Վագների» կողմը։
Պետք է նկատել, որ չնայած վագներականներն իրենց կարճատև խռովության ընթացքում խոցեցին ռուսական զինված ուժերի մի քանի տեխնիկա, այնուամենայնիվ Կրեմլից այդպես էլ հստակ և կոշտ հակազդեցություն չեղավ, ինչի շնորհիվ իրադարձությունները հանգուցալուծվեցին առանց լուրջ արյունահեղության։
Եվ երբ բոլորը սպասում էի Պրիգոժինի հաջողությանը կամ ձախողմանը, տեղի ունեցավ անսպասելին․ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի գրասենյակը հայտարարություն տարածեց, համաձայն որի՝ ամբողջ օրվա ընթացքում տևած Լուկաշենկոյի և Պրիգոժինի հեռախոսային բանակցությունների արդյունքում որոշում է կայացվել, որ «Վագները» դադարեցնում է առաջխաղացումը, շրջվում և հետ է վերադառնում դեպի դաշտային ճամբարներ։
Համաձայն ձեռք բերված պայմանավորվածության՝ «Վագների» մարտիկներին ներում է շնորհվելու, նրանց նկատմամբ իրավական հետապնդում չի իրականացվելու, իսկ Եվգենի Պրիգոժինը մեկնում է Բելառուս․ նրա անվտանգության երաշխիք է ծառայում անձամբ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի խոսքը։
Այքսնով ավարտվեց Ռուսաստանի նորագույն պատմության մեջ ամենակարճատև և տարօրինակ ապստամբությունը, որի արդյունքների մասին կարելի է անվերջ խորհել։ Դժվար է ասել, թե ինչ շահեց «Վագներ» ՄՌԿ-ն և նրա ղեկավար Եվգենի Պրիգոժինը, մինչդեռ ակնհայտ է, թե ինչ կորցրեց Կրեմլը․ այն կորցրեց հեղինակության զգալի պաշարներ։ Ակնհայտ դարձավ, որ Մոսկվան դժվարությամբ է վերահսկում Ռուսաստանում տեղի ունեցող ռազմաքաղաքական գործընթացները։
Հետևեք մեզ նաև Telegram-ում