Բաթումիում ցույցերը շարունակվում են․ կան ձերբակալվածներ

Բաթումիում ցույցերը շարունակվում են․ կան ձերբակալվածներ

Հուլիսի 31-ի գիշերը Բաթումիում նոր բողոքի ցույց է տեղի ունեցել՝ կապված «Astoria Grande» զբոսաշրջային նավի հերթական ժամանման հետ, որի վրա ռուս զբոսաշրջիկներ են եղել։ Ձերբակալվել է 9 ցուցարար։

Հիշեցնենք, որ հուլիսի 27-ին Բաթումիում խարիսխ ձգած ռուսական զբոսաշրջային նավը սկանդալ էր առաջացրել  Վրաստանում։

ՌԻԱ Նովոստին, հղում անելով նավարկությունը կազմակերպող գործակալությանը, գրել է, որ «Astoria Grande» նավն այլևս չի ունենա ուղևորություններ դեպի Բաթումի։

Զբոսանավում եղած ուղևորների թվում են աստղեր, որոնք աջակցում են Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին և Ռուսաստանի լայնամասշտաբ ներխուժմանը Ուկրաինա։ Այդ թվում են՝ Hi-Fi խմբի նախկին մենակատար Միտյա Ֆոմինը, բելառուս երգիչ Դմիտրի Կոլդունը և ռուսական Te100steron խմբի անդամները:

Վրդովմունքը սկսվեց այն բանից հետո, երբ ռուս զբոսաշրջիկները վրացական լրատվամիջոցներին տված հարցազրույցում ասացին, որ իրենք սատարում են 2008 թվականին Վրաստանի հետ պատերազմում Ռուսաստանի իրականացրած գործողությունները: Մասնավորապես, մեկնաբանություններից մեկում հնչել է «Ռուսաստանի Դաշնությունն ազատագրել է Աբխազիան վրացիներից» արտահայտությունը։

Հուլիսի 31-ի գիշերը բողոքի նոր ակցիան, ըստ «Բաթումելեբի»-ի, սկսվել է «Astoria Grande» նավը Բաթումի ժամանելուց մի քանի ժամ առաջ։ Ուսանողների և ակտիվիստների հետ ակցիային մասնակցել է նաև ընդդիմադիր «Ազգային շարժման» նախագահ Լևան Խաբեիշվիլին։ Մասնակիցները պահանջել են, որ ռուս զբոսաշրջիկներով նավը չմտնի նավահանգիստ։

Բաթումիում ցուցարարները ձվեր են նետել ավտոբուսի և միկրոավտոբուսների վրա, որոնք տեղափոխում էին ռուս զբոսաշրջիկներ։ Նրանք նավահանգիստ էին ժամանել  «Astoria Grande» զբոսաշրջային նավով։

Հետևեք մեզ նաև Telegram-ում