Ադրբեջանում Իսպանիայի գործերի ժամանակավոր հավատարմատարը կանչվել է Ադրբեջանի ԱԳՆ

Ադրբեջանում Իսպանիայի գործերի ժամանակավոր հավատարմատարը կանչվել է Ադրբեջանի ԱԳՆ

Իսպանիաայի գործերի ժամանակավոր հավատարմատար Պատրիսիա Սերանո Սանչեսը Ադրբեջանի ԱԳՆ է հրավիրվել Իսպանիայի ԱԳՆ թվիթերյան հարթակում Արցախին «աջակցող սադրիչ բնույթի հրապարակման» կապակցությամբ։

«Այդ ապակառուցողական մոտեցումը չի համապատասխանում երկու երկրների հարաբերությունների ոգուն և ադրբեջանական կողմը խստորեն դատապարտում է դա», – ասված է Ադրբեջանի ԱԳՆ-ի հաղորդագրությունում։

Իսպանիայի գործերի ժամանակավոր հավատարմատարը իր հերթին հայտարարել է, որ Իսպանիան մշտապես աջակցել է Ադրբեջանի Հանրապետության ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը, և այս դիրքորոշման մեջ որևէ փոփոխություն չի եղել։ 

Իսպանացի դիվանագետն նշել է, որ նշված թվիթում հայտնված տեղեկատվությունը տեխնիկական թերություն է, ուստի ադրբեջանական կողմի մտահոգությունն արտահայտելուց անմիջապես հետո նշված թվիթը ջնջվել է։

Հիշեցնենք, որ նախօրեին ՌԴ-ում Իսպանիայի դեսպանատունը X-ի (Թվիթերի) իր էջում տեղեկացրել է, որ Իսպանիայի միջազգային զարգացման համագործակցության կազմակերպությունը որոշել է աջակցել Արցախից Հայաստան տեղահանված հազար մարդու՝ «Մենք՝ հանուն սովի դեմ պայքարի» մարդասիրական ակցիայի շրջանակներում։

Ադրբեջանի արտգործնախարարության խոսնակ Այխան Հաջիզադեն պատասխան գրառմամբ «անընդունելի է» որակել Իսպանիայի աջակցությունը և պնդել՝ Ադրբեջանը «խստորեն դատապարտում է այդ ոչ կառուցողական մոտեցումը»։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում