Նախատեսվում է քննարկել Ռուսաստանի համար հացահատիկի գործարքի վերաբերյալ առաջարկները

Նախատեսվում է քննարկել Ռուսաստանի համար հացահատիկի գործարքի վերաբերյալ առաջարկները

Հաջորդ շաբաթ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ու ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի բանակցությունների ընթացքում կքննարկվեն հացահատիկի գործարքի վերաբերյալ Մոսկվային ուղղված նոր առաջարկների մանրամասները։ Այս մասին հայտնում է Ռիա Նովստին։

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն ավելի վաղ ասել էր, որ շաբաթվա ընթացքում ծրագրում է քննարկել հացահատիկի գործարքի ապագան Լավրովի, ինչպես նաև Էրդողանի և Վլադիմիր Զելենսկու հետ։

Սեպտեմբերի 19-26-ը տեղի կունենա ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի բարձր մակարդակի շաբաթը։ Ռուսական պատվիրակությունը գլխավորելու է ԱԳ նախարարը։

«Թուրքիան և ՄԱԿ-ը համատեղ մի շարք նոր առաջարկներ են մշակել ռուսական կողմի համար (հացահատիկի գործարքի վերաբերյալ), որոնք կքննարկվեն պարոն Նախագահի (Էրդողանի) և ՌԴ պատվիրակության ղեկավարի հետ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հանդիպումների ժամանակ։ Այդ առաջարկները վերաբերում են նավերի ապահովագրությանը և ռուսական արտահանման վճարմանը»,- նշել է գործակալության զրուցակիցը։

Պատասխանելով այն հարցին, թե ինչպես է ընթանում Անկարայի երկխոսությունը արևմտյան գործընկերների հետ հացահատիկի գործարքի շուրջ, աղբյուրը նշել է, որ բանակցությունները «երբեմն շատ դժվար են լինում»։

«Մենք բացատրում ենք մեր գործընկերներին՝ ԵՄ երկրներին, որ չենք կարող միայնակ աշխատել հացահատիկային միջանցքի վերականգնման համար, մեզ անհրաժեշտ են երաշխիքներ և խոստումների կատարում՝ կապված ռուսական արտահանման (գյուղատնտեսական արտադրանքի) հետ»,- պարզաբանել է նա։

Պուտինը նշել է, որ Մոսկվան պատրաստ է վերականգնել հացահատիկի գործարքը, հենց որ կատարվեն ռուսական բոլոր պայմանները։ Մոսկվան, չնայած բոլոր խոչընդոտներին, մտադիր է շարունակել սննդամթերքի և պարարտանյութերի արտահանումը, ինչը նպաստում է գների կայունացմանը և համաշխարհային գյուղատնտեսության ոլորտում իրավիճակի բարելավմանը։

Բացի այդ, մոտ ապագայում Ռուսաստանն անվճար հացահատիկ կփոխանցի աֆրիկյան վեց երկրներ, ընդգծել է նախագահը։ Էրդողանն իր հերթին պատրաստակամություն է հայտնել մասնակցել ռուսական հացահատիկի վերամշակմանը հետագա մատակարարումների համար։

Հետևեք մեզ նաև Telegram-ում