Արցախից բռնի տեղահանված 370 սովորող է ընդգրկվել Արարատի դպրոցներում

Արցախից բռնի տեղահանված 370 սովորող է ընդգրկվել Արարատի դպրոցներում

ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն Արարատի մարզի Զորակ, Ռանչպար և Հովտաշեն համայնքներում այսօր հանդիպել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված երեխաներին, որոնք սկսել են հաճախել տեղի հանրակրթական դպրոցներ: Տեղեկությունը հայտնում է ԿԳՄՍՆ մամուլի ծառայությունը։

Ժաննա Անդրեասյանը զրուցել է երեխաների հետ և հույս հայտնել՝ սրտացավ մանկավարժների և աշակերտների օգնությամբ նրանք կկարողանան ինտեգրվել նոր միջավայրին ու ձեռք բերել նոր ընկերներ:

Նախարարի խոսքով՝ ԼՂ 108 հանրակրթական դպրոցների շուրջ 21 հազար սովորողներից գրեթե բոլորն արդեն Հայաստանում են:

Անդրադառնալով դպրոցներում լիցենզիայով սահմանված տեղերին՝ ԿԳՄՍ նախարարն ընդգծել է, որ բնակավայրի միակ դպրոցներում երեխաներն ընդգրկվելու են՝ անկախ լիցենզիայով սահմանված տեղերի թվից:

Նա ընդգծել է, որ երեխաների ընդունելությունը դպրոց կկատարվի՝ առանց լրացուցիչ փաստաթուղթ պահանջելու:

Արարատի մարզպետարանն այս պահին ամփոփել է մարզի 112 դպրոցներից 107-ի տվյալները. ըստ այդմ՝ Արարատի մարզի 107 դպրոցներում Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 370 սովորող է ընդգրկվել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում