Իսրայելը հայտարարել է ՀԱՄԱՍ-ի ենթակառուցվածքներին հարվածելու մասին

Իսրայելը հայտարարել է ՀԱՄԱՍ-ի ենթակառուցվածքներին հարվածելու մասին

Իսրայելի ռազմաօդային ուժերը հայտարարել են, որ իրենց կործանիչները հարվածներ են հասցրել Գազայի բարձրահարկ շենքերին, որտեղ ՀԱՄԱՍ-ի ռազմական ենթակառուցվածք է եղել: Տեղեկությունը հայտնում է «Sky News»–ը` հրապարակելով «Պաղեստինյան աշտարակ» անվանումով հայտնի շենքերին հարվածելու կադրերը:

Իսրայելի ռազմաօդային ուժերի հայտարարության մեջ նշվում է, որ ՑԱԽԱԼ-ը նախապես զգուշացրել է շենքի բնակիչներին և խնդրել, որ հեռանան։

«ՀԱՄԱՍ ահաբեկչական կազմակերպությունն իր ռազմական ակտիվները միտումնավոր տեղաբաշխում է Գազայի հատվածի քաղաքացիական բնակչության կենտրոնում»,- հավելել են իսրայելական բանակի ներկայացուցիչները:

ՀԱՄԱՍ-ը սպառնում է հրթիռներ արձակել Թել Ավիվի ուղղությամբ ի պատասխան ՑԱԽԱԼ-ի՝ աշտարակներին հասցված հարվածների: 2022 թվականին իսրայելական զինվորականների կողմից Գազայի գնդակոծության ժամանակ արկերն արդեն ընկել էին «Պաղեստինյան աշտարակի» վրա, այն ժամանակ սպանվել էր պաղեստինյան «Իսլամական ջիհադ» խմբավորման առաջնորդ Թայսիր Ալ Ջաբարին։

Հիշեցնենք՝ այսօր առավոտյան Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ռազմական թևը հայտարարել է, որ Իսրայելի դեմ «Ալ Աքսայի ջրհեղեղ» գործողություն է անցկացնում:

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն բնակչությանն ուղղված ուղերձում ասել է, որ Իսրայելը պատերազմական վիճակում է։

Հետևեք մեզ նաև Telegram-ում