Հնարավոր են բանակցություններ Հայաստանի և Ադրբեջանի միջև
Նմանատիպ
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ հնարավոր է Վրաստանում Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման շուրջ երկկողմ և եռակողմ բանակցություններ անցկացվեն:
Այս մասին նա հայտնել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ համատեղ ճեպազրույցի ժամանակ։
Նա շնորհակալություն է հայտնել Վրաստանի վարչապետին այս հարցում հարթակ տրամադրելու պատրաստակամության և միջնորդական ջանքերի համար:
«Վրաստանը պատրաստ է, իսկ եթե իր համաձայնությունը տա նաև Հայաստանը, ապա մենք համապատասխան կառույցների աջակցությամբ անմիջապես կսկսենք երկկողմ և եռակողմ ձևաչափերով հանդիպումների անցկացումը»,– ասել է Ալիևը:
Ադրբեջանի ղեկավարը նշել է, որ Հարավային Կովկասում մարտահրավերներն ու խնդիրները դեռ մնում են չլուծված: Նա շեշտել է խաղաղության հաստատման կարևորությունը։
«Մենք պետք է ակտիվորեն աշխատենք Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի վրա։ Հուսով եմ, որ մենք կկարողանանք հասնել դրան և ստեղծել քաղաքական նորմալ իրավիճակ Հարավային Կովկասում, որի դեպքում համագործակցություն կհաստատվի երեք երկրների՝ Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի միջև»,- հայտարարել է Ալիևը:
Նրա խոսքով՝ տարածաշրջանի երկրները կարող են զարգացնել փոխգործակցությունը հատկապես էներգետիկ ոլորտում, առևտրի, ներդրումների ուղղություններով։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 4–ին ՀՀ ԱԺ–ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ՀՀ վարաչպետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ կա երեք սկզբունք, որոնց շուրջ եթե Բաքուն համաձայնվի, խաղաղության պայմանագիրը Ադրբեջանի հետ կստորագրվի։
Այդ սկզբունքներն են` Ադրբեջանի կողմից ՀՀ 29,800 քառ. կմ տարածքային ամբողջականության ճանաչումը, սահմանների դեմարկացիա և դելիմիտացիա 1975 թ. քարտեզների հիման վրա և տարածաշրջանի կոմունիկացիաների բացումը` երկրների սուվերենության, իրավազորության, օրենսդրության, հավասարության և փոխադարձության սկզբունքի վրա։
Հետևեք մեզ նաև Telegram-ում