ՄԻՊ-ը քննարկել է խաղաղ պայմաններում բանակում մահվան դեպքերի աճը
Նմանատիպ
Այսօր՝ հոկտեմբերի 13-ին, տեղի է ունեցել Մարդու իրավունքների պաշտպանին առընթեր Զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության հարցերով փորձագիտական խորհրդի ընդլայնված նիստը, որի ժամանակ ներկայացվել ու քննարկվել են ոչ մարտական պայմաններում բանակում մահվան դեպքերի և կարգապահության ամրապնդման հետ կապված խնդիրները, վարժական հավաքների գործընթացում անձանց իրավունքների վիճակը, ինչպես նաև մարդու իրավունքների և հումանիտար իրավիճակը՝ Լեռնային Ղարաբաղում վերջին զարգացումների համատեքստում:
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը ընդգծել է, որ զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների իրավունքների և ընդհանրապես Զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության հարցերն իր առաջնահերթություններից են։
«Ինձ հասցեագրված անհատական բողոքները, թեժ գծին ստացվող ահազանգերը, զորամասեր և զինվորական մյուս հաստատություններ մեր այցերը, ինչպես նաև զինծառայողների ու նրանց ընտանիքների անդամների հետ անընդհատ շփումները հնարավորություն են տալիս վեր հանել համակարգային ու ընթացիկ խնդիրները և դրանք դարձնել քննարկումների առարկա` նպատակ ունենալով գտնել խնդիրների լուծման կառուցակարգեր»:
Նիստի ընթացքում ՄԻՊ աշխատակազմի Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների իրավունքների պաշտպանության բաժնի պետ Անդրանիկ Եղոյանը անդրադարձել է խաղաղ պայմաններում մահվան դեպքերին։ «Զինված ուժերի մարտունակությունն ուղիղ կապված է զինվորական կարգապահության հետ։ Բանակում վերջին 3 տարիներին ունենք ինքնավնասումների ու մահացության դեպքերի աճ, ինչը խիստ մտահոգիչ է»,- ասել է նա:
Նրա խոսքով՝ պաշտպանի աշխատակազմում այս պահին ակտիվ վարույթներում են գտնվում խաղաղ պայմաններում զինծառայողների մահվան դեպքերով մի շարք դիմում-բողոքներ և քննարկման ընթացակարգեր: Այս բոլոր խնդիրները դասակարգվում են և ուսումնասիրվում։
Հետևեք մեզ նաև Telegram-ում