Գազայի բնակիչները չեն լքի անկլավը․ ՀԱՄԱՍ
Նմանատիպ
Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեն հայտարարել է, որ Գազայի հատվածի բնակիչները մարտերի ընթացքում չեն լքի անկլավը և չեն ապաստանի Եգիպտոսում։
«Պաղեստինի ժողովուրդն իրավունք ունի ապրելու իր հողում: Գազայից թռիչք չի լինի, Հորդանան գետից՝ նույնպես։ Ես Եգիպտոսում իմ եղբայրներին ասում եմ, որ մեր որոշումն է մնալ մեր հողում և դիմակայել սիոնիստական ծրագրին, որն աջակցում է ամերիկյան վարչակազմը», – ասել է նա:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը, Իսրայելի իշխանությունները համաշխարհային կազմակերպությանը տեղեկացրել են, որ 24 ժամվա ընթացքում Գազայի հատվածի հարավ պետք է տարհանվի 1,1 միլիոն պաղեստինցի։
Իսրայելի պաշտպանության բանակն իր կոչը բացատրել է նրանով, որ ՀԱՄԱՍ-ի զինյալները թաքնվում են Գազա քաղաքում՝ տների տակ գտնվող թունելներում և քաղաքացիական շենքերում։ Պահանջը վերաբերում է նաև «ՄԱԿ-ի բոլոր աշխատակիցներին և նրանց, ովքեր ապաստան են գտել ՄԱԿ-ի գործակալություններում»:
ՀԱՄԱՍ-ը կոչ է արել բնակիչներին անտեսել Իսրայելի հանձնարարականը: Շարժումը նաև խնդրել է ՄԱԿ-ին միջոցներ ձեռնարկել բռնի տեղահանման դեմ։ Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասը Հորդանանի մայրաքաղաքում ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ բանակցությունների ժամանակ ասել է, որ մերժում է Գազայի բնակչության «բռնի տեղահանումը»։
Հետևեք մեզ նաև Telegram-ում