«Այո հնարավորություն տեսնում եմ, որ Արցախը մի օր հայկական կլինի». Սերժ Սարգսյան

«Այո հնարավորություն տեսնում եմ, որ Արցախը մի օր հայկական կլինի». Սերժ Սարգսյան

Այսօր ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը դիզվառելիքի գործով դատական նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձել է Արցախի Հանրապետության լուծարմանը։

Սարգսյանը պատասխանելով լրագրողի դիտարկմանը, որ  իր   մարտական ընկերները գերեվարված են, իսկ Արցախի լուծարման սլաքները ուղղվում են Արցախի վերջին նախագահին՝ Սամվել Շահրամանյանին, ասել է․ «Ով այդպիսի փորձեր է անում, կներեք բառիս համար՝ նա ղալաթ ա անում։ Ամբողջ աշխարհն ասում է, թե ով է հանձնել և ինչպես են հանձնել։ Իրենք ամեն ինչ կարող են փորձել, բայց այդ փորձերը միշտ չի որ հաջողությամբ են պսակվում։ Ի՞նչ կապ ունեն նախկին նախագահները հանձնելու հետ։ Վերջին խորհրդարանով ընտրված նախագահն ի՞նչ պետք է աներ, և ընդհանրապես, փոքր բանակով արդյոք ի վիճակի էր Արցախը դիմակայել Ադրբեջանին։ Իհարկե՝ ոչ։ Այսինքն, իրենց ցանկությունը ո՞րն էր՝ որ այդ մարդիկ մինչև վերջին մարդը կռվեի՞ն, զոհվեի՞ն, իսկ կանայք ու երեխաներն էլ դառնային թուրքի փա՞յ։ Դա՞ է այդ մարդկանց ցանկությունը եղել»։

Սարգսյանն ասաց, որ ինքը բազմիցս ասել է, որ խնդրելով որևէ մեկը խաղաղություն չի պարգևում և ոչ էլ տարածքային ամբողջականություն․ «Պետության թիվ մեկ խնդիրը միշտ եղել և մնալու է իր քաղաքացիների անվտանգությունը, տարածքային ամբողջականությունն ապահովելը»։

Սարգսյանին հիշեցրին, որ նա մշտապես պնդում էր՝ Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում, ի՞նչ հնարավորություն կամ հիմք էր դրա համեր տեսնում, Սարգսյանը պատասխանեց․ «Այսինքն դրա համար բոլորը պետք է չարախնդա՞ն, ովքեր լսել են այդ հայտարարությունները։ Հիմա էլ եմ ասում՝ ինձ համար Արցախի էջը փակված չէ։ Այո հնարավորություն տեսնում եմ, որ Արցախը մի օր հայկական կլինի։ Բոլոր նրանք, ովքեր իմ բառերը պիտի մեկնաբանեն որպես հոխորտանք կամ որպես ուղղակի զուտ խոսույթ, այդ մարդկանց հետ չեմ ուզում շփվեմ»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում