ՀՀ ՄԻՊ-ը ԼՂ բնակչության խոշտանգման դեպքերը ներկայացրել է ԱՄՆ ներկայացուցչին

ՀՀ ՄԻՊ-ը ԼՂ բնակչության խոշտանգման դեպքերը ներկայացրել է ԱՄՆ ներկայացուցչին

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն ադրբեջանական ուժերի կողմից ԼՂ հայ բնակչության նկատմամբ իրականացված խոշտանգման, անդամախեղման և վատ վերաբերմունքի դեպքերը ներկայացրել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության իրավաբան և իրավունքի գերակայության փորձագետ Մելիսա Հուփերի պատվիրակությանը։ Տեղեկությունը հայտնում է ՄԻՊ գրասենյակը։

Անահիտ Մանասյանը ներկայացրել է ադրբեջանական ագրեսիայի հետևանքով Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանությանը վերաբերելի խնդիրները, որոնք արձանագրվել են առաջնային կարիքների գնահատում իրականացնող կենտրոններում և ժամանակավոր կացարաններում իր և ՄԻՊ աշխատակազմի կողմից իրականացվող փաստահավաք աշխատանքների արդյունքում:

Մանասյանն անդրադարձել է ադրբեջանական ագրեսիայի արդյունքում առաջացած լուրջ հումանիտար խնդիրներին և մարդու հիմնարար իրավունքների խախտումներին։ Այս համատեքստում կարևորվել են պաշտպանի կողմից ներկայացվող զեկույցները, որոնց միջոցով մշտադիտարկումների արդյունքները փաստաթղթավորվում են։

Հանդիպման շրջանակում պաշտպանն անդրադարձել է ՀՀ սահմանամերձ բնակավայրերի բնակիչների իրավունքների պաշտպանության վիճակին՝ արձանագրելով, որ մարդու իրավունքների պաշտպանության և երաշխավորման տեսանկյունից խիստ մտահոգիչ է ադրբեջանական զինված ուժերի ներկայությունը ՀՀ ինքնիշխան տարածքում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում