Արցախի տեղեկատվական շտաբը հայտարարություն է տարածել

Արցախի տեղեկատվական շտաբը հայտարարություն է տարածել

Արցախի տեղեկատվական շտաբի հայտարարություն է տարածել, ըստ որի՝ նշվում է հետևյալը. «Հարգելի՛ հայրենակիցներ, Արցախի Հանրապետության իշխանությունները դատապարտում են հոկտեմբերի 20-ին ՀՀ-ում Արցախի մշտական ներկայացուցչությունում տեղի ունեցածը, երբ բռնության ու վիրավորանքի դրսևորումներով մի խումբ անձինք, խախտելով հասարակական կարգը, ոչ կառուցողական մթնոլորտ են ստեղծել ներկայացուցչության բակում քաղաքացիների հավաքի ժամանակ՝ փորձելով հրահրել զանգվածային անկարգություններ»:

Հայտարարությունում նշվում է, որ նախագահ Սամվել Շահրամանյանն ի սկզբանե պատրաստ էր լսել քաղաքացիներին՝ հնարավորության սահմաններում պարզաբանումներ տալով նրանց հուզող հարցերին: Հակառակ արհեստականորեն ստեղծված բոլոր խոչընդոտներին՝ նախագահ Շահրամանյանն ընդունել է հավաքի ակտիվին, պարզաբանումներ տվել սույն թվականի սեպտեմբերի 19-ից 20-ը Արցախի Հանրապետության շուրջ ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակի վերաբերյալ: Հանդիպման ընթացքում քաղաքացիները բարձրացրել են մի շարք սոցիալական՝ այդ թվում ՀՀ-ում կացարանով ապահոված չլինելու հետ կապված խնդիրներ:

Նշվում է նաև, որ Սամվել Շահրամանյանը ասել է, որ Արցախի կառավարությունը շարունակելու է գույքագրել նմանատիպ բոլոր հարցերը և դրանք ներկայացնել ՀՀ կառավարությանը, քանի որ ինչպես արդեն հայտարարել էին, Արցախից բռնի տեղահանված քաղաքացիների առողջապահական, կրթական, սոցիալական աջակցության և համանման այլ հարցերով աշխատանքները համակարգում է ՀՀ կառավարության հումանիտար կենտրոնը։

«Արցախի Հանրապետության իշխանությունները հայցում են այն լրագրողների և քաղաքացիների ներողամտությունը, ում աշխատանքը անկարգության պայմաններում խոչընդոտվել է, և ովքեր չեն կարողացել ստեղծված իրավիճակում իրենց հարցերն ուղղել կառավարության ներկայացուցիչներին: Միևնույն ժամանակ ՀՀ իրավապահ մարմինների ուշադրությունն ենք հրավիրում կատարվածի վերաբերյալ՝ կոչ անելով հետագայում բացառել բռնության դրսևորումներն ու զանգվածային անկարգությունները»,-եզրափակվել է հայտարարությունը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում