Բրյուսելում հանդիպումը չի կայացել ադրբեջանական կողմի պատճառով. Սիմոնյան

Բրյուսելում հանդիպումը չի կայացել ադրբեջանական կողմի պատճառով. Սիմոնյան

Բրյուսելում նախատեսված հանդիպումը ենթադրելի է, որ չի կայացել ադրբեջանական կողմի պատճառով: Ազգային ժողվում լրագրողների հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը` անդրադառնալով Նիկոլ Փաշինյան–Իլհամ Ալիև հանդիպման չեղարկմանը։

Ավելի վաղ Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը հայտարարել էր, որ Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների` Նիկոլ Փաշինյանի ու Իլհամ Ալիևի` Բրյուսելում նախատեսված հանդիպումը տեղի չի ունենա։

«Մեր կողմից նման հայտարարություն չկա, կարելի է ենթադրություն անել, որ դա ադրբեջանական կողմից է», – լրագրողների հետ զրույցում ասաց Սիմոնյանը:

Հարցին` հնարավոր է «3+3» ձևաչափն է խանգարել նման հանդիպման կայացմանը, Ալեն Սիմոնյանը ասաց, որ չի կարծում, թե Իրանում կայացած «3+3» ձևաչափն է խանգարել նման հանդիպմանը։

Նրա խոսքով` այդ ձևաչափը տարածաշրջանում տեղի ունեցող գործընթաց է, որը կարևոր է Հայաստանի համար։

«Կարծում եմ` պետք չէ ասել, որ միանշանակ Հայաստանը որևէ այլ տեղ չի քննարկելու խաղաղության գործընթացը, կամ տարածաշրջանի անվտանգությունը։ Դա սխալ կլինի, որովհետև, եթե չքննարկես տարածաշրջանի անվտանգությունը տարածաշրջանի երկրների հետ, հո չե՞նք գնալու ասիական ֆորմատներում քննարկենք մեր տարածաշրջանը», – ասաց նա:

Միևնույն ժամանակ «3+3» ֆորմատին ԱԺ նախագահը վերաբերում է որպես սկսնակ ֆորմատ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում