Ադրբեջանի դեմ պատժամիջոցների հարցը դրված է սեղանին․ Կանադայի ԱԳՆ

Ադրբեջանի դեմ պատժամիջոցների հարցը դրված է սեղանին․ Կանադայի ԱԳՆ

Հայաստանի և Կանադայի արտաքին գործերի նախարարների հանդիպմանը հաջորդած մամուլի ասուլիսի ընթացքում Կանադայի ԱԳ նախարար Մելանի Ժոլին անդրադարձել է Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու հնարավորությանը։

«Ադրբեջանի դեմ հնարավոր պատժամիջոցների հարցն այժմ դրված է սեղանին։ Կանադան բարձր է գնահատում Հայաստանի ջանքերն՝ ուղղված խաղաղության և կայունության ամրապնդմանը Հարավային Կովկասում»,- ասել է Կանադայի ԱԳ ղեկավարը։

Նախարարը կոչ է արել Ադրբեջանին լիարժեքորեն հարգել Հայաստանի տարածքային ամբողջականությունը և վերահաստատել է ուժի և ուժի սպառնալիքի չկիրառման սկզբունքին հետևելու կարևորությունը։

«Կանադան նաև կոչ է անում Ադրբեջանի կառավարությանը հարգել Լեռնային Ղարաբաղից վերջերս տեղահանված հայերի վերադարձի իրավունքը և բարի կամք դրսևորելով՝ ապահովել մարդասիրական օգնությունների անխոչընդոտ հասանելիությունը Լեռնային Ղարաբաղին, ինչպես նաև ապահովել հայերի անվտանգ վերադարձը Լեռնային Ղարաբաղ»,- նշել է Ժոլին։

Նա նաև անդրադարձել է Ադրբեջանի կողմից քաղաքացիական անձանց նկատմամբ չհիմնավորված ռազմական օպերացիայի հետևանքներին, և շեշտել է, որ պետք է մեղմել Լեռնային Ղարաբաղի բնակիչների ամիսներ շարունակ անօրինական շրջափակման մեջ գտնվելու հետևանքները։

Հիշեցնենք՝ այսօր Երևանում կայացավ Կանադայի դեսպանատան բացման հանդիսավոր արարողությունը։ Դեսպանատան բացման պաշտոնական արարողության ժամանակ բարձրացվել է Կանադայի դրոշը։

Այնուհետև, տեղի ունեցավ Հայաստանի և Կանադայի արտաքին գործերի նախարարների հանդիպումը։ Դրան հաջորդել է համատեղ մամուլի ասուլիս։

Հետևեք մեզ նաև Telegram-ում