Փաշինյանը և Ժոլին քննարկել են օրակարգային մի քանի հարցեր
Նմանատիպ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Կանադայի արտաքին գործերի նախարար Մելանի Ժոլիին:
Փաշինյանն իր գոհունակությունն է հայտնել ՀՀ-ում Կանադայի դեսպանատան բացման առիթով, ինչը, ըստ նրա, նշանակալի իրադարձություն է երկկողմ հարաբերությունների համար: «Մասնավորապես, այժմ մենք կունենանք ռեզիդենտ դեսպան, ինչը նշանակում է, որ կունենանք շարունակական երկխոսություն: Սա շատ կարևոր է, մասնավորապես, ներկայիս հանգամանքներում»,- ասել է վարչապետը։
Իր հերթին, Մելանի Ժոլին շնորհակալություն է հայտնել վարչապետին ջերմ ընդունելության համար և նշել. «Մենք ձեզ մոտ ենք եկել մի ժամանակահատվածում, որը գիտենք, որ Հայաստանի համար բավականին բարդ ժամանակահատված է։ Մենք հետևել ենք սեպտեմբերի 19-20-ի իրադարձություններին, և իհարկե, մեր նպատակը Հայաստանին օգնելն է այս դժվար իրավիճակում, ինչպես նաև օգնել, որպեսզի տարածաշրջանը լինի ավելի խաղաղ և կայուն։ Մենք սա անում ենք առաջին հերթին ԵՄ առաքելության մեջ ներգրավվելով, մենք ԵՄ ոչ անդամ միակ պետությունն ենք, որը մասնակցում է ԵՄ առաքելությանը։ Սա առաջին քայլն է Հայաստանում առավել ներկայություն ապահովելու հարցում»։
Ինչպես նաև, Կանադայի ԱԳ նախարարը հայտարարել է, որ ԵՄ հումանիտար աջակցությանը նոր ֆինանսական միջոցներ է հատկացնելու՝ հասցեագրելու համար այն խնդիրները, որոնք առաջացել են այդքան մեծ թվով էթնիկ հայերի՝ Լեռնային Ղարաբաղից հարկադրական տեղահանության հետևանքով։
«Մենք աջակցում ենք ՄԱԿ-ի և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ջանքերին»,- հավելել է Ժոլին։
Նախարարը տեղեկացրել է, որ վաղը կայցելի Հայաստանի հարավ՝ հանդիպելու տեղական իշխանություններին և ԼՂ-ից բռնի տեղահանության ենթարկված ժողովրդին:
Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կողմից էթնիկ զտման քաղաքականության հետևանքով 100 հազարից ավելի ԼՂ մեր հայրենակիցների բռնի տեղահանությանն ու ստեղծված հումանիտար իրավիճակին, այդ համատեքստում կարևորել միջազգային աջակցությունն առկա խնդիրների լուծման գործում:
Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորմանը, տարածքային ամբողջականության, ինքնիշխանության, իրավազորության և փոխադարձության սկզբունքների հիման վրա տարածաշրջանային տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման հնարավորություններին, ինչպես նաև տարածաշրջանում խաղաղությանն ու կայունությանը վերաբերող հարցեր:
Մտքեր են փոխանակվել Հայաստան-Կանադա համագործակցության օրակարգային հարցերի շուրջ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում