Արդյո՞ք Բաքուն հրաժարվում է միջնորդներից. Times.am-ը ներկայացնում է օրվա կարևոր լուրերը

Արդյո՞ք Բաքուն հրաժարվում է միջնորդներից. Times.am-ը ներկայացնում է օրվա կարևոր լուրերը

Times.am-ը ձեր ուշադրությունն է հրավիրում այսօրվա կարևորագույն իրադարձությունների ամփոփ լրահոսին։

Բաքուն հրաժարվել է Վաշինգտոնում Ադրբեջանի և Հայաստանի ԱԳ նախարարների հանդիպումից

Բաքուն հրաժարվել է Վաշինգտոնում Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպումից։ Այս մասին հայտնել է Ադրբեջանի ԱԳՆ-ն։

Ինչպես հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները, որպես հրաժարման պատճառ նշվում է «ԱՄՆ-ի միակողմանի մոտեցումը», ինչը, ըստ Բաքվի, կարող է պատճառ դառնալ, որ Միացյալ Նահանգները կորցնի միջնորդի իր դերը:

Այս մասին ասվում է ԱՄՆ պետքարտուղարի օգնական Ջեյմս Օ’Բրայենի՝ երեկ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի Եվրոպայի հարցերով ենթահանձնաժողովում լսումների ժամանակ արած հայտարարությունների վերաբերյալ Ադրբեջանի ԱԳՆ մեկնաբանության մեջ։

Եվրամիությունը ջանքեր է գործադրում հայ-ադրբեջանական բանակցությունները վերսկսելու համար. Ժոզեպ Բորել

Եվրոպական միությունը շարունակում է ջանքեր գործադրել Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները վերսկսելու համար՝ նպատակ ունենալով հասնել խաղաղ պայմանագրի կնքման:Այդ մասին այսօր ասել է Եվրամիության արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը։

«ԵՄ-ն լիովին հավատարիմ է մնում և շարունակում է ջանքեր գործադրել Հայաստանի և Ադրբեջանի բանակցություններն՝ առանց հետաձգման վերսկսելու համար»,- հայտարարել է Բորելը:

Նրա խոսքով, բանակցային գործընթացի վերջնանպատակն է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի կնքումը:

Բաքուն աննպատակահարմար է համարում ԱՄՆ պաշտոնյաների այցերը երկիր. Ադրբեջանի ԱԳՆ

Բաքուն աննպատակահարմար է համարում ԱՄՆ պաշտոնյաների բարձր մակարդակի այցերի հնարավորությունը Ադրբեջան։ Այս մասին ասվում է երկրի ԱԳՆ հայտարարության մեջ:

Նշենք, որ ԱՄՆ Կոնգրեսում Արցախի թեմայով լսումների ժամանակ ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Ջեյմս Օ’Բրայենը երեկ հայտարարել էր, որ Միացյալ Նահանգները դադարեցրել է Ադրբեջանին տրամադրվող ռազմական և այլ տեսակի օգնությունը, չեղյալ է հայտարարել բարձր մակարդակի որոշ այցեր և որ Վաշինգտոնը Բաքվին ազդարարել է, որ երկկողմ հարաբերությունների կարգավորում չի լինի այնքան ժամանակ, քանի դեռ Հայաստանի հետ խաղաղ բանակցություններում առաջընթաց չի գրանցվել:

ՀԱՊԿ առաջարկները Հայաստանին են փոխանցվել անցյալ տարի. Միացյալ շտաբի պետ

Տարածաշրջանում իրավիճակը կայունացնելու վերաբերյալ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) առաջարկները Հայաստանին են ներկայացվել անցյալ տարի, և քննարկումները դեռ շարունակվում են։ Այս մասին հայտարարել է ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ, գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովը։

«Ինչ վերաբերում է կովկասյան տարածաշրջանին, ապա անցած տարի առաջարկվել են միջոցառումներ», – ասել է նա։

Նրա խոսքով՝ ՀԱՊԿ պատվիրակությունն ու քարտուղարությունն աշխատել են Հայաստանում, որից հետո կազմվել են համապատասխան զեկույցներ, պատրաստվել փաստաթղթերի նախագծեր։ Սիդորովը մանրամասնել է, որ կազմակերպությունն առաջարկել է որոշակի միջոցառումներ և պատրաստել փաստաթղթերի նախագծեր։

Հայոց պատրիարքարանը գտնվում է իր պատմության ամենամեծ գոյաբանական սպառնալիքի ներքո

Երուսաղեմի Հայոց պատրիարքարանի դիվանապետ Աղան Գոգչյանը տեղեկացրել է, որ Երուսաղեմի Հայոց պատրիարքարանը գտնվում է իր 16-դարյա պատմության ամենամեծ գոյութենական սպառնալիքի ներքո, և Էքզիստենցիալ-տարածքային վտանգը լիովին տարածվում է Երուսաղեմի բոլոր քրիստոնեական համայնքների վրա։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Գոգչյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է, որ Հայոց պատրիարքարանը վերջերս չեղարկել է կեղծ ներկայացուցչությամբ, անհարկի ազդեցությամբ և անօրինական օգուտներով պատված պայմանագիրը:

«Չեղարկմանն օրինական պատասխան տալու փոխարեն՝ կառուցապատողները փորձում են շինարարություն իրականացնել «Կովերի պարտեզ» կալվածքում։ Նրանք ամբողջությամբ անտեսել են Պատրիարքարանի օրինական դիրքորոշումն այս հարցում՝ փոխարենն ընտրելով սադրանքի, ագրեսիայի հրահրող մարտավարություն, ներառյալ սեփականության ոչնչացումը վարձու, զինված սադրիչների միջոցով»,- գրել է Գոգչյանը։

Սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին 220 աճյուն է ԼՂ–ից տեղափոխվել ՀՀ. Կարմիր խաչ

ԿԽՄԿ-ից հայտնում են, որ այս տարվա սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին աջակցել են Արցախից վիրավորների ու բուժառուների տարհանմանը, ինչպես նաև նպաստել ընտանիքների վերամիավորմանն ու աճյունների հետ արժանապատիվ վարվեցողության ապահովմանը։

«220 աճյուն Ղարաբաղից տեղափոխվել է Հայաստան, որոնց թվում են հիմնականում վառելիքի պահեստում տեղի ունեցած պայթյունի զոհերը։ Շուրջ 2,500 հեռախոսազանգ և այց ենք ունեցել անհայտ կորած անձանց ընտանիքների կողմից, որոնք որոնում էին իրենց հարազատներին կամ տեղեկության կարիք ունեին:

25 մարդ Ղարաբաղում կարողացել է կապ հաստատել Հայաստանում և այլ երկրներում գտնվող իրենց հարազատների հետ տեսազանգերի և հեռախոսազանգերի միջոցով։ 124 վիրավոր և բուժառու տեղափոխվել է Հայաստան»,-ասված է հաղորդագրության մեջ։

ԱՄՆ Սենատն ընդունել է Ադրբեջանին ռազմական օգնության տրամադրումն արգելող օրինագիծը

ԱՄՆ Սենատն ընդունել է «Հայաստանի պաշտպանության ակտ 2023» օրինագիծը:

Օրինագծի հեղինակը սենատոր Գերի Փիթերսն է, որը գլխավորում էր 2023 թվականի սեպտեմբերին Հայաստան այցելած ԱՄՆ պատվիրակությունը։ Փիթերսը օրինագիծը ներկայացրել էր 2023 թվականի սեպտեմբերի 29-ին՝ ի պատասխան Լեռնային Ղարաբաղի հայերի դեմ Ադրբեջանի հարձակումների։

Փաստաթղթի հաստատվելու դեպքում ԱՄՆ նախագահն այլևս չի կարողանա կասեցնել «Ազատության աջակցության ակտի» 907-րդ հոդվածը, այսինքն՝ Ադրբեջանին ռազմական օգնության տրամադրումը կարգելվի, քանի դեռ այդ երկիրը ձգտում է ԼՂ հակամարտությունը լուծել ուժի կիրառմամբ և ռազմական ճանապարհով:

Հետևեք մեզ նաև Telegram-ում