Թուրքիայի մարդասիրական քողի տակ թաքնված են չոր հաշվարկներ և շահեր

Թուրքիայի մարդասիրական քողի տակ թաքնված են չոր հաշվարկներ և շահեր

Թուրքիայի նախագահի աշխատակազմի հաղորդակցության բաժնի ղեկավար Ֆահրեթթին Ալթունը «X» սոցիալական ցանցում ասել է, որ Անկարան զարմացած չէ Իսրայելի վարչապետի և ԱԳ նախարարի փորձերից՝ շեղելու Գազայի հատվածում խաղաղ բնակչության դեմ «իր սեփական ռազմական հանցագործություններից»։ Այս մասին հայտնում են թուրքական լրատվամիջոցները։

Պաշտոնյան նշել է. «Ինչպես Իսրայելի կառավարությունը ապատեղեկատվություն է տարածում պաղեստինցիների դեմ իր վայրագությունների մասին, նրանց ամենաբարձր մակարդակի ղեկավարությունն այժմ զբաղված է Թուրքիայի մասին ստեր շպրտելով: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երբեք չի վախեցել ճշմարտությունն ասել և կշարունակի դա անել: Ամբողջ աշխարհը տեսել է, թե Իսրայելի կառավարությունը մեկ ամսից ավելի է ինչ է անում Գազայում։ Ոչ մի ապատեղեկատվություն չի կարող թաքցնել փաստերը»:

Նրա խոսքով՝ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն տասնամյակների ընթացքում իր կարիերան կառուցել է «Պաղեստինի հետ խաղաղության ցանկացած հնարավորություն ոչնչացնելու վրա»։ Այժմ Նեթանյահուն չի կարող հաշտվել պաղեստինցի խաղաղ բնակիչների դեմ իր անիմաստ պատերազմի մասին ճշմարտությունը լսելու հետ.

«Նեթանյահուն և նրա նման ծայրահեղական տարրերը օկուպացիայի, էթնիկ զտումների և ռազմական հանցագործությունների հեղինակներն են։ Նրանք շահագրգռված չեն այս տարածաշրջանում խաղաղության հաստատմամբ և կշարունակեն պատերազմի մղել ամեն հնարավորության դեպքում»: Ալթունը հավելել է. «Թուրքիան երբեք չի հրաժարվի Պաղեստինից»։

Նշենք, որ Թուրքիան Արցախի դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծած 44-օրյա պատերազմի ընթացքում, ինչպես նաև Արցախի շրջափակման ու վերջնական օկուպացիայի ժամանակ, չի խոսել օկուպացիայի, էթնիկ զտումների և ռազմական հանցագործությունների մասին և ,ընդհակառակը, աջակցել է Ադրբեջանին և՛ տեղեկատվական դաշտում, և՛  ռազմի դաշտում։ Այս ամենը խոսում է այն մասին, որ իսրայելա-պաղեստինյան հակամարտությունում Թուրքիայի մարդասիրական քողի տակ թաքնված են չոր հաշվարկներ և շահեր։

Հետևեք մեզ նաև Telegram-ում