Ուսուցիչների կամավոր ատեստավորման կարգում կկատարվեն փոփոխություններ

Ուսուցիչների կամավոր ատեստավորման կարգում կկատարվեն փոփոխություններ

Կառավարությունը փոփոխություններ է կատարել ուսուցիչների կամավոր ատեստավորման կարգում։ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը տեղեկացրել է, որ ատեստավորման համակարգի ներդրման արդյունքում երեք տարում 3549 ուսուցչի վարձատրություն այս ճանապարհով բարձրացել է.

«Փոփոխությամբ առաջարկվում է 60-69% արդյունք ցուցաբերած ուսուցիչների համար կիրառել դրույքաչափի բարձրացում՝ 200 հազար դրամի չափով։ Սրա շնորհիվ երեք տարվա արդյունքով 1630 ուսուցիչներ ևս կօգտվեն կամավոր ատեստավորման համակարգով վարձատրության բարձրացումից»,- ասել է ԿԳՄՍ նախարարը:

Ըստ այդմ, համակարգի միջոցով երեք տարում վարձատրության բարձրացում ունեցած ուսուցիչների թիվը կկազմի շուրջ 5179: Անդրեասյանը նշել է, որ այստեղ կարող են լինել կրկնություններ, որովհետև կան ուսուցիչներ, որոնք ատեստավորմանը մասնակցել են մեկից ավել անգամ՝ իրենց արդյունքը բարելավելու նպատակով։ Այդուհանդերձ, սա կազմում է պետական դպրոցների ուսուցիչների (28024) շուրջ 18%–ը։ Կարգավորումը կսկսի գործել որոշման ընդունումից հետո՝ նաև նախորդ տարիների 60-69% արդյունք ցուցաբերած ուսուցիչների համար, փոփոխության ընդունման պահից սկսած։

Հաջորդ կարևոր փոփոխությունն այն է, որ առաջարկվում է կրկնակի ատեստավորման արդյունքում բավարար ցուցանիշ չունեցած, սակայն մասնագիտական զարգացման աճ գրանցած կամ շեմային արդյունք ցուցաբերած ուսուցիչներին ատեստավորման ևս մեկ հնարավորություն ընձեռել։ Ըստ այդմ, 50-59% արդյունք ցուցաբերած կամ առաջինից երկրորդ ատեստավորման արդյունքների մեջ առնվազն 15% աճ գրանցած ուսուցիչները կստանան ևս մեկ անգամ ատեստավորմանը մասնակցելու հնարավորություն։

Հետևեք մեզ նաև Telegram-ում