ԵՊՀ-ում տեղի ունեցած պայթյունից տուժածներից մեկը մահացել է

ԵՊՀ-ում տեղի ունեցած պայթյունից տուժածներից մեկը մահացել է

ԵՊՀ-ում տեղի ունեցած հրդեհից տուժածներից ևս մեկը մահացել է. այս մասին հայտնել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

«Հարգելի՛ լրագրողներ, կառավարության այսօրվա նիստից հետո ձեզ հետ ճեպազրույցի ընթացքում, ԵՊՀ-ում տեղի ունեցած դեպքի հետևանքով տուժած քաղաքացիների առողջական վիճակի մասին խոսելիս, ներկայացրել եմ երեկ` «Այրվածքաբանության և մաշկաբանության ազգային կենտրոն» իմ այցի պահին նրանց առողջական վիճակի մասին եղած տեղեկատվությունը, երբ երկուսի առողջական վիճակն էլ գնահատվում էր ծանր:

Ցավոք, հիվանդներից մեկի վիճակը կտրուկ վատացել է (ինչը նաև այրվածքային հիվանդության առանձնահատկություններից է): Բուժաշխատողների կողմից սիրտ-թոքային վերակենդանացումը եղել է անարդյունավետ, պացիենտի կյանքը փրկել չի հաջողվել:

Մյուս պացիենտի առողջական վիճակն այս պահին կայուն է, տեղափոխվել է հիվանդասենյակ: Հաշվի առնելով այրվածքների մակերեսը և խորությունը` նա դեռևս պետք է գտնվի դինամիկ բժշկական հսկողության տակ»,– գրել է նա ֆեյսբուքի իր էջում:

Ավելի վաղ լրագրողների հետ ճեպազրույցում Ավանեսյանն ասել էր, թե երկու պացիենտները ծանր վիճակում են։

ԵՊՀ հրդեհի հետևանքով կար մեկ զոհ, ևս երեքը վնասվածքներ էին ստացել։

Հետևեք մեզ նաև Telegram-ում