ՀՀ նախագահը ԱՄԷ-ի հայ համայնքին է ներկայացրել Հայաստանի շուրջ ստեղծված իրավիճակը
Նմանատիպ
Վահագն Խաչատուրյանը Դուբայում հանդիպել է Արաբական Միացյալ Էմիրությունների հայ համայնքի ներկայացուցիչների հետ։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»֊ի թղթակիցը, Հայաստանի նախագահն ընդգծել է, որ տարբեր երկրներ այցերի ընթացքում ինքը նախընտրում է հանդիպումներ անցկացնել հայ համայնքների ներկայացուցիչների հետ, որի հիմնական նպատակն է նրանց տեղեկացնել, թե իրականում ինչ է տեղի ունենում Հայաստանում և Հայաստանի շուրջ։
Նախագահը ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիի շուրջ բանակցային գործընթացի զարգացումները՝ շեշտելով, որ այդ գործընթացում հնարավոր չի լինում առաջընթաց գրանցել Ադրբեջանի ապակառուցողական դիրքորոշումների պատճառով։ ՀՀ նախագահն ընդգծել է, որ Հայաստանն այս գործընթացում կառուցողական է տրամադրված, իսկ Ադրբեջանը վերջին շրջանում խուսափում է բանակցություններից։
Վահագն Խաչատուրյանն անդրադարձել է նաև Հայաստանի առջև ծառացած անվտանգային մարտահրավերներին։ Նա նշեց, որ անվտանգության առումով Հայաստանը խնդիրներ ունի, քանի որ անվտանգային այն համակարգը, որում երկիրը երկար տարիներ եղել է, չի աշխատել, ինչի հետևանքով էլ երկիրը լուրջ խնդիրների է բախվում։ Նախագահը նշեց, որ Հայաստանը պետք է դիվերսիֆիկացնի իր անվտանգությունը և կախված չլինի մեկ կենտրոնից։
Վահագն Խաչատուրյանը նաև կարևորել է հարևան երկրների հետ հարաբերությունների կարգավորումը՝ նշելով, որ հարևան երկրների հետ խաղաղ ու համերաշխ ապրելուն, բարիդրացիական հարաբերություններին այլընտրանք չկա։
Նախագահը հայ համայնքի ներկայացուցիչներին ներկայացրել է նաև «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում