Հայոց Եկեղեցու հաստատած «Եղիցի լույս» այս տարվա մրցանակը շնորհվել է կինոռեժիսոր Ալ.Սոկուրովին
Նմանատիպ
Հուլիսի 12-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանի հանդիսությունների դահլիճում, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, տեղի ունեցավ «Ոսկե ծիրան» միջազգային ամենամյա կինոփառատոնի առիթով Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցու սահմանած «Եղիցի լույս» մրցանակի հանձնման արարողությունը: Հայոց Եկեղեցու հաստատած այս մրցանակն այս տարի շնորհվեց կինոռեժիսոր Ալեքսանդր Սոկուրովին, տեղեկացնում են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի մամլո դիվանից:
Արարողության սկզբում «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի մասնակիցների և հյուրերի ներկայությունը Սբ. Էջմիածնում ողջունեց Մայր Աթոռի Հրատարակչական բաժնի տնօրեն Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը: Սրբազան Հայրը խոսեց հայ կինեմատոգրաֆիայի պատմության, ապա «Ոսկե ծիրան» կինոփառատոնի առաքելության մասին: Իր խոսքում Սրբազանը նաև անդրադարձավ Հայ Եկեղեցու մշտամնա հոգատարությանը հայ մշակույթի և հոգևոր-մշակութային արժեքների հանդեպ: Ներկայացնելով մեծարյալի ստեղծագործական վաստակը’ Սրբազան Հայրը մաղթեց մեծանուն կինոռեժիսորին նորանոր ստեղծագործական հաջողություններ ու ձեռքբերումներ:
Մրցանակաբաշխության առիթով խոսքով հանդես եկան և տիար Սոկուրովին շնորհավորեցին «Եղիցի լույս» մրցանակի խորհրդի անդամ, պրոֆեսոր Դավիթ Մուրադյանը և կինոփառատոնի հիմնադիր-տնօրեն Հարություն Խաչատրյանը: Կինոարվեստը նկատելով իբրև լույսի արվեստ’ հասցեագրված մարդկանց հոգիներին, նրանք խոսեցին նաև փառատոնի շրջանակներում Հայ Եկեղեցու սահմանած ՙԵղիցի լույս՚ մրցանակի կարևորության մասին:
Այնուհետև Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հոգևոր-կրթական հաստատությունների տեսուչ Տ. Գևորգ եպիսկոպոս Սարոյանը ընթերցեց հայրապետական վկայագիրը, որից հետո ներկաների ծափողջյունների ներքո Ամենայն Հայոց Հայրապետը «Եղիցի լույս» մրցանակը շնորհեց ռուս կինոռեժիսոր Ալեքսանդր Սոկուրովին’ հոգևոր, մշակութային և մարդասիրական արժեքների քարոզչության և համաշխարհային կինոարվեստում իր նշանակալի ավանդի համար:
Մրցանակաբաշխությունից հետո ներկաների հետ իր զգացումները կիսեց պրն. Սոկուրովը: Շնորհակալություն հայտնելով Հայրապետական մրցանակի արժանանալու բարձր պատվի համար’ հայտնի կինոռեժիսորն անդրադարձավ կինեմատոգրաֆիայի կարևոր առաքելությանը մարդկության կյանքում, արվեստի այս ճյուղի այսօրվա զարգացման ուղիներին ու արժեքներին:
Արարողությունը փակվեց Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնության խոսքով և «Պահպանիչ» աղոթքով: Նորին Սրբությունը, ողջունելով կինոփառատոնի մասնակիցների ներկայությունը Մայր Աթոռում, իր գնահատանքը հայտնեց փառատոնի հիմնադիր-տնօրենին և կազմակերպիչներին, ինչպեսև «Եղիցի լույս» մրցանակի շնորհման հանձնախմբին: Վեհափառ Հայրապետը իր օրհնությունն ու շնորհավորանքը բերեց նաև Ալեքսանդր Սոկուրովին’ մաղթելով Աստծու զորակցությունը նրա ստեղծագործական կյանքին: Ամենայն Հայոց Կաթողիկոսը վստահություն հայտնեց, որ սա գեղեցիկ մի ավանդույթ կդառնա Հայոց Եկեղեցու կյանքում, երբ վաստակաշատ արվեստագետներ Մայր Աթոռ Ս. Էջմիածնում ամեն տարի կարժանանան «Եղիցի լույս» մրցանակի:
Հետևեք մեզ նաև Telegram-ում