Հին ու նոր ժամանակների արանքում․ փաստեր Հրանտ Մաթևոսյանի մասին
Նմանատիպ
«ժամանակը փոխվում է, հները չեն կարենում ապրել նոր ժամանակներում ու դրա համար էլ նորերն են առաջանում…»։ Այսպես է Հրանտ Մաթևոսյանը բնութագրել այն անցումային շրջանը, որում ինքն ապրել և ստեղծագործել է։
Այդ դժվարին ժամանակներում անգամ Մաթևոսյանը չէր կորցնում իրատեսությանը զուգահեռվող լավատեսությունը։ Նա հրաշալի գիտեր, որ ամեն ինչ անցողիկ է, ուստի հաճախ էր ասում, որ «կյանքը մի անգամ է տրվում, պետք է կենտրոնում լինել, կյանքը վայելել, դա է մնում: Ինչ վայելում ես, այն էլ հետդ ես տանում: Թեկուզ լավ արարքներիդ համար արձան կառուցեն, քեզ համար ոչինչ չի փոխվում…»։
Այսօր Հրանտ Մաթևոսյանի ծննդյան օրն է: Հանճարեղ արձակագիրը ծնվել է 1935 թվականին Լոռու մարզի Ահնիձոր գյուղում։
Ձեզ ենք ներկայացնում մի քանի հետաքրքիր փաստ Հրանտ Մաթևոսյանի մասին։
1․ Հրանտ Մաթևոսյանը երրորդ դեմքով, հանրագիտարանային ոճով շարադրել է իր իսկ կենսագրականը
«ՀՐԱՆՏ ԻԳՆԱՏԻ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ
Հայ գրող, արձակագիր: Տպագրվում է 1960 թվականից: Ողջ է, աշխատում է Տերը մեծածավալ գործի, Եզրով վիպակի, Մեռելալույս – Рассеянный свет – վեպի վրա: Հայաստանի գրողների միության նախագահն է 1996-ից: Ծնվել է 1935-ին Հյուսիսային Հայաստանի Ահնիձոր փոքր գյուղում՝ Ալավերդու – Թումանյանի շրջան: Ընտանիքը – կին, դուստր, որդի, առայժմ երեք աղջիկ թոռ։
2001 հունվար, Երևան, ՀՀ»։
2․ Նախասիրած ժանրը վիպակն է՝ նովելը
Գրողը չէր սիրում խոսքի երկարաբանությունը։ Մաթևոսյանի ստեղծագործություններում ոչ մի ավելորդ բառ ու արտահայտություն չկա։ Նրա հերոսներն էլ հիմնականում քչախոս են, հակիրճ։ Բախումները հիմնականում տեղի են ունենում կերպաների ներսում։ Նման ամենակուլ, բայց արտաքուստ մանր փոթորիկները ներկայացնելու համար վիպակը՝ նովելը, ամենից հարմար ժանրն է։
3․ Ծննդյան օրը նվեր է ստացել դդում
1995 թվականի փետրվարին երիտասարդ լրագրող Անահիտ Ադամյանը պետք է գնար Մաթևոսյանի տուն՝ հարցազրույց վերցնելու։ Մինչ գնալը մտածում էր՝ ինչ նվիրել գրողին․ կոնյա՞կ, օծանելի՞ք, թե՞ փողկապ։ Ի վերջո հոր խորհրդով որոշում է դդում տանել։
«- Երեկ գյուղից մի լավ դդում են բերել, տար, գյուղի դդում է՝ սիրտը կուզի: Համ էլ՝ ոչ մեկի մտքով չի անցնի ծննդյան օրը դդում տանել՝ պատմության մեջ առաջինը կլինես»,- ասում է հայրը:
«Դդու՞մ: Որ՝ ի՞նչ: Ես՝ ինձ դդում զգալով ու հայհոյելով, գրկեցի կլորիկ դդումը ու գնացի: Ուրախացավ: Հոտ քաշեց, ձեռքերի մեջ պտտեց ու դրեց հյուրասենյակի սեղանի կենտրոնում»։
4․ Աշխատել է որպես գրաշար
Հանրապետության փողոցի վրա գտնվող տպարանում աշխատել է որպես գրաշար։ Գիշերներն աշխատում էր, ցերեկները՝ սովորում: Հետագայում հաճախ է հիշել այդ օրերը։
«Լավ ժամանակներ էին, այնքան նպատակներ ունեինք, ժամանակը միշտ չէր հերիքում: Փող էլ չկար։ Ուզում էի սպիտակ տաբատ-պիջակով, սպիտակ գլխարկով, ձեռքերս գրպանս դրած քայլել Երևանի փողոցներով, ու՝ որ ծառերը ծաղկած լինեն, երեխաները վազվզեն, մի քիչ անձրև գա, անձրևից հետո օդը ուրիշ բույր ունի, արև դուրս գա, իսկ ես քայլեմ-քայլեմ ու հասնեմ…»,- անցած օրերը վերհիշելիս ասում էր Հրանտ Մաթևոսյանը։
Այդ օրերն էին, որ Հրանտ Մաթևոսյանին տարան դեպի գրականության ասպարեզ, թույլ տվեցին, որ զբաղվի սիրելի գործով ու վայելի ժողովրդի սերը։
5․ The Guardian-ն անդրադարձել է «Մենք ենք, մեր սարերը» ֆիլմին
«Հեռավոր սարերի լանջերին, 60-ականների «քաղաքակրթությունից» հեռու, հովիվներն իշխանության ու պետության մասին պատմող այդ գեղարվեստական գործում իրավապահներին կատաղության են հասցնում»։
Այս տողերով է գրող, սցենարիստ և առաջատար կինեմատոգրաֆիական մեկնաբան Փիթեր Բրեդշոուն The Guardian թերթի հերթական համարում սկսում իր գրախոսությունը «Մենք ենք, մեր սարերը» ֆիլմի մասին։ Ֆիլմը նկարահանել է Հենրիկ Մալյանը` Հրանտ Մաթևոսյանի պատմվածքի հիման վրա:
«Մենք ենք, մեր սարերը» ֆիլմի գրախոսական. հայկական աբսուրդի երգիծանքը հեգնում է Խորհրդային Միությունը» խորագրով հոդվածում Բրեդշոուն հատուկ գեղարվեստական երանգներով է փոխանցում ֆիլմի սյուժեն:
«Այս ֆիլմում կա խորամանկ սրամտություն և փիլիսոփայական հումոր, որը յուրահատուկ սարկազմ է իրավակարգի ուժերի նկատմամբ»,- գրում է կինոքննադատը:
6․ Բացվել է Հրանտ Մաթևոսյանի հոբելյանական աստղը
2020 թվականին Երևանի Շառլ Ազնավուրի հրապարակում «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի նախաձեռնությամբ բացվել է արձակագիր, կինոսցենարիստ Հրանտ Մաթևոսյանի հոբելյանական աստղը։
7․ Մաթևոսյանը «ստիպեց» Սերգեյ Դովլաթովին իր երակներում զգալ հայկական արյունը
Դովլաթովի հայրը հրեա է եղել, իսկ մայրը՝ թիֆլիսահայ: Դովլաթովը ազգությանը երբեք ոչ մի նշանակություն չէր տալիս:
«Երբեք չեմ զգացել, որ պատկանում եմ ինչ-որ ազգի: Հայերեն չեմ խոսում: Միևնույն ժամանակ, եբրայերեն էլ չգիտեմ, հրեական միջավայրն ինձ հարազատ չէ: Ու առաջ հայերի խնդիրներն էլ ինձ համար նույնն էին, ինչ հնդիկների ու չինացիների խնդիրները…»,- ասում էր Դովլաթովը։
Սակայն մի գրական խորհրդաժողովում ծանոթանում է Հրանտ Մաթևոսյանի հետ։ Նրանք մտերմանում են և երկու գրողների միջև սկսում է իսկական ընկերություն։
«Նա ամենևին նման չէ ինձ. իսկական հայ է, խենթանում է հայրենիքում կատարվող ամեն ինչից: Այնքան ամաչկոտ է, անկեղծ, բարի՝ լրիվ ասես հրեշտակ լինի: Ընկերանալով՝ սկսեցի շատ բաների նայել նրա աչքերով… Երբ կարդում եմ հայաստանյան իրադարձությունների մասին, ես պատկերացնում եմ, թե ինչ է զգում Մաթևոսյանը: Այ ասպես՝ նրա հանդեպ տածած սիրո միջոցով, իմ մեջ ինչ-որ հայկական զգացմունքներ առաջացան…»:
Հետևեք մեզ նաև Telegram-ում